Փաստ մեկնաբանությամբ

Ա. Շաքարյան. «Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական հայեցակարգերում կպահպանվեն վերջին տարիների ուղղությունները»

2 րոպեի ընթերցում

Ա. Շաքարյան. «Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական հայեցակարգերում կպահպանվեն վերջին տարիների ուղղությունները»

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակը սպասելի էր. Թուրքիայի ներքին ու արտաքին քաղաքական հայեցակարգերում կպահպանվեն վերջին ինը տարիների ուղղությունները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը' հավաստիացնելով, որ ընտրություններում միակ կասկածը վերաբերում էր «Ազգայնական շարժման»'խորհրդարանի աշխատանքներին ներգրավմանը:

«Ինչպես եւ նախորդ տարիների ընտրություններում, այս անգամ էլ «Արդարություն եւ զարգացում»-ը խորհրդարանում ունենալու է հավասարաչափ բաշխված ընդդիմադիր ուժեր, որոնք պահպանելու են իշխանությունների ու խորհրդարանական ընդդիմադիրների միջեւ հավասարակշռությունը: Հավաքելով ձայների մեծամասնությունը, այդուհանդերձ, ԱԶԿ-ն չունի սահմանադրական փոփոխություններ կատարելու համար պահանջվող 330 մանդատը խորհրդարանում, որը նաեւ թույլ կտար «ինքնագլուխ» վավերացնելու ցանկացած միջազգային պայմանագիր»,- նշեց թուրքագետը' հավելելով, որ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն այժմ ստիպված է դիմել երկխոսության այլ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ' ձայների ցանկալի քանակը լրացնելու համար:

«Հայ-թուրքական հարաբերությունների ու այդ ուղղությամբ քաղաքական հնարավոր հետագա զարգացումների առումով նոր սպասելիքներ նույնպես չկան»,- նկատեց Արտակ Շաքարյանը:

Նշենք, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովը միապալատ խորհրդարան է, որն ունի 550 պատգամավոր, ովքեր ընտրվում են 4 տարի ժամկետով: 2002 եւ 2007 թվականներին կայացած ընտրություններում հաղթել է «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որն իր ստեղծման օրվանից իշխանության ղեկին է: Հունիսի 12-ի ընտրություններում Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի գլխավորած ԱԶԿ-ն այս անգամ թուրքական խորհրդարանում ներկայացված կլինի 326 պատգամավորներով' անցյալ խորհրդարանում ունեցած 341 պատգամավորական տեղերի փոխարեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում