Փաստ մեկնաբանությամբ

Ա. Ղազարյան. «Գյուղտեխնիկայի ԱԱՀ-ից ազատելը կնպաստի գյուղացիական տնտեսությունների կայացմանը»

2 րոպեի ընթերցում

Ա. Ղազարյան. «Գյուղտեխնիկայի ԱԱՀ-ից ազատելը կնպաստի գյուղացիական տնտեսությունների կայացմանը»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյուղատնտեսական տեխնիկան, պարարտանյութերը, սերմերը, թունաքիմիկատներն ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատելը լրացուցիչ խթան է այդ ոլորտի զարգացման համար: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, ԱԱՀ-ից ազատումը բավականին կարեւոր որոշում էր, եւ դրա առնչությամբ արդեն գործարարներից կան դրական արձագանքներ:

«Սա այն խնդիրն է, որի մասին մենք հաճախ բարձրաձայնել ենք: Այս որոշումը կարող է նպաստել գյուղատնտեսության ոլորտում լրացուցիչ ներդրումներ կատարելու գործընթացի զարգացմանը, ինչպես նաեւ ընդլայնել գործարարությունը»,-ասաց Ռ. Հարությունյանը:

Արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը, կարեւորելով գյուղտեխնիկայի ԱԱՀ-ից ազատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումը, նշեց, որ այն էապես կնպաստի նոր տեխնիկայի ներկրմանը եւ որոշ ազդեցություն կունենա նաեւ գյուղատնտեսական մթերքի վրա:

«Ամենակարեւորը' սա խիստ կնպաստի գյուղացիական տնտեսությունների կայացմանը: Տարիներ շարունակ փորձել ենք առաջնային նշանակության ապրանքների նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափ ստանալ: Շատ ողջունելի է, որ այդ ուղղությամբ նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Գործարարները շատ ոգեւորված են»,-ավելացրեց Ա. Ղազարյանը:

Նշենք, որ ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն նախատեսում է ԱԱՀ-ից ազատել գյուղատնտեսական տրակտորների, որոշ մեքենաների եւ դրանց մասերի, պարարտանյութերի, սերմերի, թունաքիմիկատների իրացումը: Դա համահունչ է գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարողներին պետական աջակցություն ցուցաբերելու քաղաքականությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում