Փաստ մեկնաբանությամբ

Ըստ Կ. Բեքարյանի` եռանախագահների դովիլյան հայտարարության մեջ ավելի հստակ է ուժի չկիրառման սկզբունքը

2 րոպեի ընթերցում

Ըստ Կ. Բեքարյանի` եռանախագահների դովիլյան  հայտարարության մեջ ավելի հստակ է ուժի չկիրառման սկզբունքը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդների դովիլյան հայտարարությունը' ի տարբերություն Լ'Ակվիլայի եւ Մուսկոկայի հայտարարությունների, նոր տարրեր է պարունակում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Կարեն Բեքարյանը' հավելելով, որ այս հայտարարությամբ եռանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացում կողմերից ակնկալում են ավարտին հասցնել բանակցությունները հիմնարար սկզբունքների շուրջ: «Իսկ նախկին հայտարարություններում ակնկալվում եր արագացնել տեմպը: Գոնե այս պարագայում կա մեծ ցանկություն, որ հունիսին կստորագրվի հիմնարար սկզբունքների փաստաթուղթը»,- ընդգծեց քաղաքագետը: Ըստ նրա' նախկին հայտարարություններում չկար ճնշման տարր, իսկ վերջինը հստակ նշում է, որ բանակցային ներկայիս ձեւաչափը լավագույն արդարացի տարբերակն է, որով ակնկալվում է խնդրի լուծումը: «Այս հայտարարության մեջ առավել հստակ է ուժի չկիրառման սկզբունքը: Սա հիմնականում վերաբերում է Ադրբեջանին, քանի որ Հայաստանը վերջին տարիներին ոչ մեկին պատերազմով չի սպառնացել»,- շեշտեց Կ. Բեքարյանը: Ըստ նրա'հայտարարությամբ եռանախագահները կոչ են անում կողմերին սեփական հասարակությանը պատրաստել խաղաղության եւ ոչ պատերազմի: Կ. Բեքարյանի կարծիքով' սա նույնպես ուղղված է Ադրբեջանին:

«Բանակցային գործընթացի հետ կապված' Հայաստանը սեփական հանրության հետ մշտապես եղել է արդար եւ ազնիվ' ոչինչ չթաքցնելով, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Վերջինս շատ երկար ժամանակ գնացել է սեփական հանրությանը դեֆորմատացված պատկեր ներկայացնելու ճանապարհով»,- նշեց Կ. Բեքարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում