Փաստ մեկնաբանությամբ

Գ. Մինասյան. «Ապրիլին ունեցած գնանկման միտումները խոստումնալից են»

3 րոպեի ընթերցում

Գ. Մինասյան. «Ապրիլին ունեցած գնանկման միտումները խոստումնալից են»

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ամեն ինչ զարգանում է այն հունով, որը սկիզբ է առել դեռ տարեսկզբից: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ապրիլի տնտեսական ակտիվության ցուցանիշը բավականին բարձր է նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ' 7.7 տոկոս: Այստեղ հատկանշական է հատկապես արդյունաբերության ակտիվության ցուցանիշը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը' ցավով նշելով, որ գնաճի հետ կապված խնդիրը դեռ շարունակում է մնալ արդիական: «Բայց, չնայած դրան, նախորդ ամսվա համեմատ որոշակիորեն նվազել է գնաճը' կազմելով 8.9 տոկոս. մեկ ամսվա ընթացքում ունեցել ենք 0.2 տոկոսի գնանկում: Այս միտումները խոստումնալից են»,- ասաց բանախոսը' ավելացնելով, որ բավականին մեծ հույս կա, որ տարեվերջին կունենանք պետական բյուջեով սահմանված առավելագույն' 5.5 տոկոս գնաճի ցուցանիշը:

Գ. Մինասյանի խոսքով' օրենսդրական դաշտում լուրջ քայլեր են կատարվում' միտված տնտեսության ակտիվության բարձրացմանը: Այդ բարեփոխումներից հանձնաժողովի նախագահն առանձնացրեց հատկապես երեկ ԱԺ-ում քննարկվող «Ստուգումների մասին» օրենքը, որը, ըստ նրա, էապես կթեթեւացնի այդ ստուգումների բեռը տնտեսվարող սուբյեկտների համար: «Ստուգումները պետք է իրականացվեն ռիսկային դաշտում աշխատող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ' մյուսներին զերծ պահելով անհարկի ստուգումներից եւ անհարմարություններ պատճառելուց: Սա մեթոդ է, որը կիրառվում է արեւմտյան բոլոր զարգացած երկրներում: Այն Հայաստանում կիրառելու համար պետք էր բավականին մեծ նախապատրաստական աշխատանք, որը մեզանում կատարվել է: Կարծում եմ' այս օրենքի լիարժեք կիրառումը միայն ու միայն կնպաստի օրենքի նկատմամբ խնդիրներ չունեցող տնտեսվարողների գործունեության խթանմանը: Իսկ նրանք, ովքեր ունեն խնդիրներ, անընհատ պետք է լինեն վերահսկողության տակ»,- ասաց պատգամավորը' ոչ պակաս կարեւոր համարելով նաեւ գյուղատնտեսության խթանման ուղղությամբ կատարվող օրենսդրական փոփոխությունները: Այդ առումով Գ. Մինասյանը հատկանշական համարեց Հայաստան ներմուծվող գյուղատնտեսական ռեսուրսների' ավելացված արժեքի հարկից ազատումը, որը, նրա համոզմամբ, էապես կթեթեւացնի գյուղատնտեսության բնագավառում աշխատող տնտեսվարողների վիճակը: «Այսինքն' տնտեսության խթանման ուղղությամբ բազմաթիվ քայլեր են կատարվել, կատարվում եւ կատարվելու: Կարծում եմ' արդյունքում մենք կունենանք պետական բյուջեով նախատեսված ե'ւ տնտեսական աճի, ե'ւ գնաճի ցուցանիշը»,- համոզմունք հայտնեց հանձնաժողովի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում