Ըստ Ա. Եղիազարյանի` «Հայրենադարձության մասին» օրենքի ընդունումից հետո հայրենադարձների թիվը կավելանա
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն է արժանացել ՀՀ սփյուռքի նախարարության մշակած «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքը: Այն առաջիկայում կներկայացվի ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը: Օրենքը մշակվել է «Հայրենադարձության գործընթացի կազմակերպման հայեցակարգ»-ի հիման վրա, որը նույնպես արժանացել էր Կառավարության հավանությանը:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Սփյուռքի նախարարության հայրենադարձության վարչության պետ Արման Եղիազարյանը, համաշխարհային փորձը, եւ մասնավորապես' հայկականը, ցույց է տալիս, որ եթե առկա է մեծ սփյուռք եւ հայապահպանության խնդիր, Սփյուռքում ու ժողովրդագրական, տարածքային-ռազմավարական եւ եւս մի քանի նմանօրինակ խնդիրներ, ապա դրանց լուծման հիմնական միջոցներից մեկը հայրենադարձությունը պետք է լինի: «Եթե ուզում ենք նպաստել հայապահպանությանը Սփյուռքում եւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը ՀՀ-ում, պետք է իրականացնենք հայրենադարձություն»,-ասաց նա' հայտնելով, որ հայեցակարգը սահմանել է «հայրենադարձ» եւ «հայրենադարձություն» հասկացությունները, առանձնացրել հայրենադարձության հետ կապված այն առաջնահերթությունները, որոնք ենթակա են պետական կարգավորման, հստակեցրել է կառուցակարգերը, ամրագրել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի գլխավոր սկզբունքները:
«Օրենքի ընդունումից հետո, կարծում եմ, հայրենադարձների թիվը կտրուկ կաճի»,-ասաց վարչության պետը' հավաստելով, որ փաստաթուղթն արդեն հստակորեն կսահմանի գործընթացի իրականացման պետական լիազոր մարմին, իրականացման, արտոնությունների տրամադրման կարգեր, ուղղություններ եւ այլ անհրաժեշտ միջոցառումներ: «Սպասվող զանգվածն, ըստ իս, կտատանվի 1500-ից 2000 մարդու միջեւ: ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն անհամեմատ մեծ է, բայց դա չի նշանակում, որ նրանք բոլորը Հայաստանում ապրելու են»,-ասաց նա' նկատելով, որ նրանց մեջ տարանջատումը որոշել' դժվար է, սակայն «հայրենադարձ» հասկացությունը նախատեսում է մարդ, որը մշտական բնակության է գալիս Հայաստան:
Հիշեցնենք, որ Սփյուռքի նախարարության աշխատանքի երեք հիմնական ուղղություններն են հայապահպանությունը, համահայկական ներուժի համախմբումն ու հայրենադարձությունը:
«Երբ ասում ենք «հայրենադարձ», նկատի ունենք Հայաստանից դուրս բնակվող հայկական ծագմամբ մարդուն, որը ՀՀ քաղաքացի չէ, կամ լինելով ի սկզբանե այլ պետության քաղաքացի' ձեռք է բերել նաեւ ՀՀ քաղաքացիություն»,-ասաց Ա. Եզիազարյանը' հավելելով, որ քաղաքացիների հարցերը կարգավորվում են միգրացիոն օրենսդրությամբ, ըստ այդմ' հայրենադարձ կարող է համարվել ոչ ՀՀ քաղաքացին:
Նշենք, որ Սփյուռքում ապրում է մոտ 7-7.5 մլն հայ: Նրանց որոշ մասը Հայաստանի քաղաքական անկախության վերականգնումից հետո հաստատվել է հայրենիքում: 2006-2009 թթ-ին ՀՀ կացության հատուկ եւ մշտական կարգավիճակ է ստացել շուրջ 3 հազար սփյուռքահայ, 2005-2009 թթ-ին անշարժ գույք է գնել շուրջ 15 հազարը, եւ վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ընդունել շուրջ 10 հազար սփյուռքահայ: