Տնտեսություն

«Վեդի» ՋՕԸ-ում ուսումնասիրություններ կկատարվեն

2 րոպեի ընթերցում

«Վեդի» ՋՕԸ-ում ուսումնասիրություններ կկատարվեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Ջրօգտագործողների ընկերությունների եւ ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի նախագահ Արմեն Գեւորգյանի մոտ այսօր անցկացվել է խորհրդակցություն' Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի, Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ-ի ղեկավարների, ՏԿ փոխնախարար Արտաշես Բախշյանի մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, խորհրդակցությանը քննարկվել են ՋՕԸ-երի գործունեության հետ կապված հարցեր: Փոխվարչապետն ընդգծել է ՋՕԸ-երի թափանցիկ, հանրության համար հասանելի գործելաոճը: Նա կարեւորել է ՋՕԸ-երի կառավարման խորհուրդների արդյունավետության բարձրացումը' անթույլատրելի համարելով, որ դրանց աշխատանքը ձեւական բնույթ կրի:

Հաշվի առնելով, որ ՋՕԸ-երն ինքնակառավարվող մարմիններ են, Ա.Գեւորգյանը մեկ անգամ եւս շեշտել է հանրության ներկայացուցիչների առավել ակտիվ մասնակցությունը դրանց կառավարման գործընթացին, ինչին անդրադարձել էր նաեւ ապրիլի 27-ին «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի' ՋՕԸ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպված խորհրդաժողովի ժամանակ:

Փոխվարչապետը ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ներկայացուցիչներին հանձնարարել է առաջիկայում անձամբ մասնակցել ՋՕԸ-երի կառավարման խորհրդի նիստերին' վերոնշյալ խնդիրները նաեւ համայնքապետերի, շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ քննարկելու համար:

Անդրադարձ է եղել նաեւ «Վեդի» ՋՕԸ-ի գործունեության վերաբերյալ բնակիչներից, ԱԺ պատգամավորներից ստացված դժգոհություններին, ինչպես նաեւ մամուլի հրապարակումներին: Ա. Գեւորգյանը Ա. Բախշյանին հանձնարարել է Ջրտնտպետկոմի, ԾԻԳ-ի, մարզպետարանի ներկայացուցիչների ներգրավմամբ աշխատանքային խումբ ստեղծել վերոնշյալ ՋՕԸ-ում ուսումնասիրություններ կատարելու համար եւ յոթնօրյա ժամկետում ներկայացնել դրանց արդյունքները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում