Փաստ մեկնաբանությամբ

Մանկավարժական բուհերում լուրջ բարեփոխումներ են իրականացվում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Մենք վերանայում ենք մանկավարժական բուհերի գործունեության եւ զարգացման ծրագրերը»,- այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: Նրա խոսքով' առաջին հերթին ուշադրություն է դարձվում Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գործունեությանը: «Ինչպես գիտեք, ՀՀ վարչապետն է այդ բուհի խորհրդի նախագահը: Նա շատ խիստ հանձնարարություն է տվել, որ մոտակա ամիսներին ներկայացնենք համալսարանի բարեփոխման ծրագիրը»,- նշեց Մ. Մկրտչյանը' նկատելով, որ այդ ծրագրի ամենակարեւոր կետերից մեկը հենց մանկավարժական պրակտիկայի եւ ընդհանրապես մանկավարժական մասնագիտության յուրացման ձեւերի կազմակերպման հարցն է:

«Սեպտեմբերից արմատապես կփոխվի մոտեցումը ե'ւ պրակտիկայի, ե'ւ համալսարանի ներսում կազմակերպվող ուսումնական գործընթացի, ե'ւ ընդհանրապես համալսարանի կյանքի վերաբերյալ»,- ասաց փոխնախարարը' խոստանալով, որ եկող ուսումնական տարվանից արդեն նկատելի կլինեն արդյունքները:

Նշենք, որ օրեր առաջ' լրագրողների հետ ճեպազրույցում այս առումով իր մտահոգությունն էր հայտնել նաեւ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը' նշելով, որ այսօր կա շատ արդիական խնդիր' պրակտիկաների' գործնական հմտությունների հետ կապված: «Բոլորս գիտենք, որ շատ տեղերում այն ձեւական է»,- նշել էր նախարարը' տեղեկացնելով, որ նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում