Փաստ մեկնաբանությամբ

Քննարկվել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում ֆինանսական միջոցների ներգրավման տարբերակներ

2 րոպեի ընթերցում

Քննարկվել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման գործում ֆինանսական միջոցների ներգրավման տարբերակներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգոր Առաքելյանի եւ ԻԻՀ ճանապարհների ու տրանսպորտի փոխնախարար Ռեզա Փիլփայեի հանդիպմանը քննարկվել են Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման աշխատանքներում ֆինանսական միջոցների ներգրավման տարբերակները:

Դեսպան Գ.Առաքելյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արծարծվել է Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագծի կյանքի կոչման հարցում իրականական ընկերությունների պատրաստակամությունը' ստեղծելու կոնսորցիում եւ մասնակցություն ունենալու ֆինանսավորմանը: «Կոնսորցիումը կարող է բաց լինել նաեւ հետաքրքրված այլ պետությունների ընկերությունների ներգրավման համար:

Սրանք դեռեւս քննարկումներ են' ուղղված նախագծի կյանքի կոչման ֆինանսական ուղիների որոնմանը»,-ասաց դեսպանը: Հիշեցնենք, որ իրանական լրատվամիջոցները նախօրեին տարածել էին փոխնախարար Ռ.Փիլփայեի հայտարարությունը, ըստ որի' «իրանական ընկերությունները կոնսորցիում են ստեղծելու' Հայաստանի երկաթուղային ցանցը Իրանի միջոցով միջազգային ջրերին միացնելու համար»: Նրա խոսքերով' այդ երկաթուղային ցանցը ունենալու է 540 կիլոմետր երկարություն, որից 480 կիլոմետրը' Հայաստանի, 60 կլիոմետրը' Իրանի տարածքում:

Նա ասել է, որ երկու կողմերի միջեւ համապատասխան փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել, որի իրականացմամբ Հայաստանի երկաթուղային ցանցը միջազգային ջրերին կմիացվի Բանդար Աբաս իրանական նավահանգստի միջոցով: Փոխնախարարը նաեւ հայտարարել է, թե իրանական ընկերությունները պատրաստ են մասնակցել Հայաստանում ավտոճանապարհի կառուցմանը, որը կկապի Իրանը Վրաստանի հետ:

Դեսպան Գ.Առաքեյանը նշեց, որ Հայաստանի եւ Իրանի երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող նախագծերի ողջ փաթեթը' էներգետիկ, տրանսպորտային ծրագրերով, քննարկման առարկա կդառնա Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստում, որը կգումարվի Թեհրանում, մայիսի վերջին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում