Փաստ մեկնաբանությամբ

Անչափահաս հանցագործների թիվը տարեցտարի նվազում է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «2009 թվականի համեմատ' 2010-ին անչափահասների կողմից կատարված հանցագործությունները նվազել են 21-ով, իսկ հանցագործություն կատարած անչափահասների թիվը' 26-ով»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը: Անչափահասների կողմից իրականացրած հանցագործությունների ամենամեծ թիվը, Նելլի Դուրյանի խոսքով, արձանագրվել է 1997 թվականին: «Այդ տարվանից հետո այս ցուցանիշը գնալով նվազել է' շնորհիվ նրա, որ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ' երեխաներին նորմալ կյանքի վերադարձնելու»,- ասաց նա:

Կրկնահանցագործությունների դեպքում եւս 2007 թվականից մինչ այս տարի անընդհատ նվազում է արձանագրվել: Նելլի Դուրյանն անչափահասների հանցագործ վարքը բացատրեց ոչ թե սոցիալական վիճակով, այլ որպես առաջնային պատճառ մատնանշեց ծնողների կողմից ոչ բավարար ուշադրությունը երեխաների հանդեպ, ու նրանց զբաղվածության հարցը: Այնուամենայնիվ անչափահասներն ավելի հաճախ գողություն են կատարում ու մարմնական վնաս հասցնում:

«Վորլրդ Վիժն»-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցած եռակողմ կլոր սեղանի ընթացքում ոստիկանության ու Արդարադատության նախարարության ներկայացուցիչները քննարկեցին իրավախախտների հետ իրականացվող կանխարգելիչ եւ վերականգնողական աշխատանքները, վեր հանեցին ոլորտում առկա խնդիրները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում