Ա. Աշոտյան. «Ուսանողա-կենտրոն համակարգի ընդունումը կարեւորագույն քայլ է»
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդունելության քննություններն այս տարվանից, անկախ կազմակերպաիրավական եւ սեփականության ձեւից, բակալավրական մակարդակի առկա ուսուցման համակարգում պետական եւ ոչ պետական բուհերը կկազմակերպեն միայն կենտրոնացված կարգով:
«Սա մարտահրավեր է ե’ւ պետական, ե’ւ հատկապես մասնավոր բուհերի համար»,-այսօր միջբուհական գիտագործնական կոնֆերանսի ընթացքում ասաց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը` որպես վերջինիս դիմակայելու ուղիներ մատնանշելով` մասնավոր բուհերում պահանջվող միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարությունների ճիշտ հաշվարկումը, ուսումնական ծառայությունների շղթայում հնարավորությունների ճշգրտումը եւ այնպիսի քաղաքականության իրականցումը, որով հնարավոր լինի գոյատեւել, աշխատել եւ զարգանալ:
Նախարարի խոսքով` ուսանողակենտրոն համակարգի ընդունումը կարեւորագույն քայլ է: «Այն մեզ համար արդիական եւ գաղափարաբանական փոփոխություն է պահանջում դասախոսների, մանկավարժների շրջանում, իսկ դրանից առաջ` ուսանողների գիտակցության մեջ»,- նշեց նա` ընդգծելով, որ բուհը ուսանողի համար է:
«Ուսանողն է այն ծառայությունների նախնական եւ վերջնական սպառողը, որ առաջարկում է բուհը` անկախ իր կազմակերպաիրավական ձեւից»,- ասաց Ա. Աշոտյանը: Ըստ նրա` կրթական համակարգը պետք է նվազագույն խոչընդոտներ ունենա ուսանողի կրթական իրավունքի պաշտպանության տեսակետից, իսկ խոչընդոտներն էլ պետք է պայմանավորված լինեն միմիայն կրթության որակի բարձրացմամբ:
«Ուսանողի համար կրթական համակարգը միայն զվարճալի, ժամանցային, արտալսարանային աշխատանքը չպետք է լինի. պետք պահանջել այնպիսի պետական ծառայություններ, որոնք ամրագրված են նախապես տրվող խոստումներում, գովազդային հոլովակներում»,- նկատեց նախարարը` շեշտելով, որ ուսանողն իր կրթական իրավունքի իրականացման պահանջատերը պետք է լինի, սակայն ոչ թե այն հոգեբանությամբ, որ կրթական իրավունքը ենթադրում է ստուգարքի կամ քննության հեշտ ստացում, այլ այն տրամաբանությամբ, որ իրավունքի կիրառումը ենթադրում է գիտելիքի, հմտության ու կարողությունների ձեռքբերում:
«Սա գուցե մի փոքր վերափոխություն է պահանջում, որ ուսանողները կարողանան ամբողջությամբ ընկալել` հեռանկարի միակ գրավականը մեր երկրում եւ աշխարհում առհասարակ գիտելիքն է: Զարգացածության բանալին 21-րդ դարում գիտելիքն է, այն ապագայի երաշխիքն է ցանկացած քաղաքացու համար»,-փաստեց Ա. Աշոտյանը` եզրահանգելով, որ ուսանողակենտրոն համակարգի ներդնումը միայն վարչարարական կամ նախարարության կողմից իրականացվող քաղաքականության համատեքստում դիտելը նշանակում է ձեւական դարձնել ձեռնարկված գործընթացը կամ այն զրկել իր էությունից. ուսանողը պետք է ինքն իր գիտելիքով ավելի շահագրգռված լինի, քան պետությունը:
«Զավեշտալի է այն իրավիճակը, որ նախարարը, նախարարությունն ու ռեկտորներն ավելի շահագրգիռ են, որ ուսանողը սովորի, քան ինքը` ուսանողը. սա խորհրդային մտածելակերպի մնացորդ է»,- ասաց նախարարը: Նա խոստացավ, որ որակի հսկողության, գործընթացների հղկման, այդ գործընթացների գործիքակազմերի եւ մեխանիզմների հսկման բավականին լուրջ գործընթացի շրջանակներում այս տարվանից Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը ձեռնամուխ կլինի պիլոտային հավատարմագրման գործընթացներին, որոնք թույլ կտան Հայաստանում այնպիսի որակի հսկողության համակարգեր ներդնել, որոնք բարձր որակ կապահովեն ոչ միայն կրթություն ներսում, այլ նաեւ կրթական աստիճանի եւ բովանդակության համադրելի արդյունքներ` եվրոպական ընդհանուր բարձրագույն կրթության չափանիշներով:
Հանրապետության գրեթե բոլոր պետական եւ ոչ պետական բուհերում աքիլեսյան գարշապար է շարունակում մնալ հմտությունների եւ կարողությունների ձեռքբերման խնդիրը` պրակտիկան, դրա ձեւական, ֆորմալ բնույթ կրելն ու փաստացի բացակայությունը: Ըստ նախարարի` այն մեծ հարված է հասցնում եւ հարցականի տակ դնում Հայաստանի բարձրագույն կրթական համակարգի որակը:
«Ստացվում է` մենք տալիս ենք լավ տեսական գիտելիքներ, բայց թույլ կարողություններ ու հմտություններ»,- ցավով նկատեց նա` հավելելով, որ դա նույնպես նախարարության ուշադրության կենտրոնում պետք է լինի: Հաջորդ արատավոր երեւույթը նախարարը վերագրեց մագիստրական ծրագրի ֆորմալ բնույթին:
Նրա բացատրությամբ` Բոլոնիայի գործընթացի ներդրումից հետո 5-ամյա կրթական ծրագրի արդյունքում ստացվող դիպլոմավորված ուսանողներն այժմ «4+2» ձեւաչափով կազմակերպված ուսումնառության փոխարեն անցնում են 4 տարվա բակալավրական խտացված ծրագիր եւ «յուրովի մոդեֆիկացված կրկնության 2 տարի»:
«Շատ բուհերում է սա առկա»,- չժխտեց Ա. Աշոտյանը` հայտնելով նաեւ, որ ուսանողներն արդարացիորեն դժգոհում են, որ մագիստրատուրայում շատ անգամ առարկայի անվանումն է միայն որոշակի փոփոխություն կրում, իսկ բովանդակությունը նույնն է, մագիստրական ծրագրերը նոր ու արդիական չեն, կրկնում են բակալավրիատը: Սա, նախարարի դիտարկմամբ, մի կողմից թույլ է տալիս եզրահանգել, որ հանրապետությունում բակալավրական ծրագիրը խիտ ու որակյալ է եւ համապարփակ գիտելիքներ է ապահովում մասնագիտության շրջանակներում: «Սակայն, մյուս տեսանկյունից, իրավունք ունենք կարծելու, որ մագիստորասականն էլ ձեւական է»,- նշեց նա:
«Ցավոք, մեր ուսանողների զգալի մասը մագիստրատուրա է դիմում` այն բարդույթից ելնելով, որ բակալավրիատ ավարտելը թերի կրթություն է. սա վերջինիս առաքելության սխալ մեկ
Ուսման բազմաձեւության շրջանակներում Աշոտյանն անդրադարձավ առկա կրթությանը,. որը կարգավորված է միասնական քննական համակարգով, իսկ հեռակա համակարգը մի կողմից հրաշալի հնարավորություն է` երկրոդ մասնագիտություն ստանալու, կրթությունը աշխատանքի հետ զուգակցելու համար, մյուս կողմից` մարտահրավեր` կրթության որակի, կոռուպցիայի եւ ձեւական բնույթի հետ կապված: «Մինչեւ ՀՀ-ում մենք չհասնենք մտածելակերպային այն փոփոխոթյանը, ըստ որի` կրթությունը իրականում արժեհամակարգային մաս է եւ ոչ ինքնահաստատման որոշակի փաստաթուղթ ունենալու միջոց, չենք կարող մտածել էքստերնատի ապահովման մասին»,- հայտարարեց նա` մեկնաբանելով, որ դրան նախարարությունը ձեռնամուխ կլինի միայն այն ժամանակ, երբ Հայաստանում իրավական եւ կազմակերպաիրավական տեսակետից ամբողջությամբ կներդրվի որակի հսկողության արտաքին եւ ներքին մեխանիզմերի խումբը, եւ երբ հասարակությունն իրականում դրան պատրաստ կլինի: