2 րոպեի ընթերցում
Նոյեմբերի 29-ին՝ ժամը 16․00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 11 հաղորդում։
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունից։
Մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու առերևույթ 3 դեպքով կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Քվեարկության նախորդ օրվանից ընտրատեղամասերում ՆԳՆ ոստիկանության կողմից իրականացվում է պահպանություն։
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին ներկայացվել է 148 դիմում, որից 89-ը լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ, մերժվել է 44 դիմում։
Ընտրություններին մասնակցելու համար ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 26 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ զանգեր չեն ստացվել:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության շրջիկ սպասարկման գրասենյակներում տրամադրվել է մինչև 10 խորհրդատվություն։
Հայաստանի Հանրապետության 12 համայնքներում նոյեմբերի 29-ին անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Գեղարքունիքի մարզի Սևան, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Կապան, Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք, Արագածոտնի մարզի Ապարան և Աշտարակ, Արմավիրի մարզի Բաղրամյան և Մեծամոր համայնքներում անցկացվում են համամասնական ընտրակարգով ընտրություններ։ Արագածոտնի մարզի Արեւուտ և Մեծաձոր համայնքներում ընտրությունները մեծամասնական ընտրակարգով են։