Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար կպայքարեն Գևորգ Ղազարյանն ու Դենիս Ջորկաեֆը
3 րոպեի ընթերցում
«Սյունիք» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել «Սյունիք» ակումբի մամուլի ծառայությունը։
«Մեր ակումբի համար այս ընտրությունն առաջին հերթին հայկական ֆուտբոլի կառավարման և զարգացման հարց է։ Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել։
Դենիս Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրելիս՝ հաշվի ենք առել նրա փորձը՝ ֆուտբոլային գործակալից մինչև ակումբի նախագահ ու մարզական տնօրեն, ինչպես նաև ՀՖՖ-ում խորհրդատվական աշխատանքը և Ֆրանսիայում փոխքաղաքապետի պաշտոնում կառավարման փորձը։ Հայտնի ֆուտբոլային ընտանիքի ներկայացուցիչ լինելով՝ նա նաև անձամբ է անցել ֆուտբոլի կազմակերպման ու կառավարման ճանապարհով։
Կարևոր ենք համարում նրա միջազգային կապերը և դրանք մեր ակումբների համար գործնական հնարավորությունների վերածելու պատրաստակամությունը։ Հայաստան տեղափոխվելու ու այստեղ աշխատելու նրա որոշումը մեզ համար ևս վկայում է այս հանձնառությանը լրջորեն վերաբերվելու մասին։
Մենք ակնկալում ենք բաց ու հետևողական աշխատանք՝ ակումբների մասնակցությամբ, նրանց կարիքները հաշվի առնելով և հայկական ֆուտբոլի ընդհանուր շահը առաջնային դարձնելով։
ՀՖՖ անդամ ակումբներին կոչ ենք անում աջակցել Դենիս Ջորկաեֆի թեկնածությանը։ Վստահ ենք՝ համագործակցությամբ կարող ենք ավելի մեծ արդյունքի հասնել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնին հավակնում է նաև Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Գևորգ Ղազարյանը։ Ղազարյանի թեկնածությունը պաշտպանում են ֆուտբոլային երկրպագուական շարժումները։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նոյեմբերի 21-ին հայտնել էր, որ ՀՖՖ նախագահի թեկնածուի համար առաջադրվել է 2 թեկնածու, սակայն չէր հայտնել նրանց անունները՝ շեշտելով, որ 10-օրյա ժամկետում պետք է ստուգվի թեկնածուների համապատասխանելիությունը ՀՖՖ նախագահի պաշտոնին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 21-ին։