2 րոպեի ընթերցում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բարեփոխելու, այն ավելի արդար և ներառական մարմնի վերածելու անհրաժեշտության մասին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Որպեսզի ՄԱԿ-ը լիովին կատարի իր բարձր մանդատը, բոլոր պետությունները պետք է ավելի վճռականորեն պահպանեն ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքները և աջակցեն կազմակերպության հիմնական մարմինների արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներին։ Այս առումով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ավելի արդար և ներառական մարմնի վերածելը, որը կարող է բավարարել միջազգային հանրության ձգտումները, հատկապես կարևոր է», - ասել է Թուրքիայի առաջնորդը հոկտեմբերի 24-ին նշվող Միավորված Ազգերի Կազմակերպության օրվա կապակցությամբ հղած իր ուղերձում։
Էրդողանի խոսքով՝ համաշխարհային մարտահրավերները, ինչպիսիք են պատերազմները, մարդասիրական աղետները, կլիմայի փոփոխությունը, սովը, աղքատությունը, ռասիզմը, ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի սկզբնական առաքելության նշանակությունը մեծացել է։
«Այսօր մարդկությունը դեռևս հույսով է նայում այն ապագային, որտեղ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված ընդհանուր կամքը կիրականանա, պատերազմները կավարտվեն և կտիրի երկարատև խաղաղություն», - ընդգծել է Թուրքիայի նախագահը՝ հիշելով Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը։
«Աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամերն ու հակամարտությունները, մասնավորապես՝ Գազայի ցեղասպանությունը, որը խլեց ավելի քան 74,000 մարդու կյանք, հստակ ցույց են տալիս, թե որքան հրատապ է դարձել այս անհրաժեշտությունը», - հայտարարել է պետության ղեկավարը։ Նա ընդգծել է, որ Անկարան կշարունակի ջանքերը՝ ՄԱԿ-ը ավելի արդյունավետ կազմակերպության վերածելու համար։