NVIDIA-ի հիմնադիրը հայկական Firebird-ը համարում է Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն
2 րոպեի ընթերցում
Բեռլինում անցկացվող NVIDIA GTC (GPU Technology Conference) համաժողովի իր ելույթում NVIDIA-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգն անդրադարձել է արհեստական բանականության ենթակառուցվածքների ընդլայնմանը և այդ գործընթացում նոր ամպային ընկերությունների դերին։ Համաժողովին մասնակցում է նաև Firebird-ի պատվիրակությունը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Firebird ընկերության տարածած հաղորդագրությունից, Հուանգը խոսել է տարբեր տարածաշրջաններում ստեղծվող AI գործարանների մասին՝ ընդգծելով, որ արհեստական բանականության մոդելների զարգացումը նախևառաջ պահանջում է համապատասխան հաշվարկային ենթակառուցվածք։ Այս համատեքստում նա հիշատակել է Firebird-ը՝ որպես Կենտրոնական Ասիայում նոր ամպային հարթակ ստեղծող ընկերություն։
Firebird-ի անունը տեղ է գտել նաև Հուանգի ներկայացման «Neoclouds» բաժնում՝ CoreWeave-ի, Nebius-ի, Lambda-ի և AI հաշվարկների վրա մասնագիտացած այլ ամպային ընկերությունների կողքին։
GTC-ն արհեստական բանականության ոլորտի կարևոր միջազգային հարթակներից է, որը համախմբում է տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարների, հետազոտողների և մշակողների՝ ներկայացնելու նոր տեխնոլոգիաներն ու դրանց կիրառման հնարավորությունները։
Firebird-ը զարգացնում է արհեստական բանականության գործարանների միջազգային ցանց։ Հայաստանում առաջին գործարանը գործարկվել է NVIDIA Blackwell B200 շարքի 6,144 գրաֆիկական պրոցեսորով։ Ընդլայնման ծրագրով նախատեսվում է ներդնել նաև NVIDIA Vera Rubin համակարգեր և GPU-ների ընդհանուր թիվը հասցնել շուրջ 70 հազարի։
Ընկերությունը նաև AI ենթակառուցվածք է զարգացնում Ղազախստանում և ուսումնասիրում է Նեպալում նման ծրագրի իրականացման հնարավորությունները։ Հայաստանում մեկնարկած այս նախագիծը նպաստում է երկրի դիրքի ամրապնդմանը արհեստական բանականության համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա և տեղական ընկերությունների ու մասնագետների համար բացում միջազգային համագործակցության նոր հնարավորություններ։