Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին
3 րոպեի ընթերցում
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին հարցին, հայտարարել է, որ հայկական կողմն իր քաղաքականությունը դրանց վրա չի կառուցում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում նախարարին հարցրել են՝ արդյոք Անկարայի և Բաքվի հարաբերություններում հնարավոր լարվածությունը կարող է ազդել հայ-թուրքական կարգավորման գործընթացի վրա և նպաստել սահմանի բացմանը։
«Դրա վրա չէ, որ ուզում ենք խաղալ, և դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը»,– պատասխանել է Միրզոյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Թուրքիայի հետ առանձին կարգավորումներ են առաջ գնում, և երկխոսությունը գործնական արդյունքներ է տալիս։
«Թուրքիայի հետ էլ բավականին դրական, դինամիկ երկխոսություն ունենք, արդեն քայլեր ունենք։ Ամբողջական սահմանի բացումը, կասեք, չկա, ես կհամաձայնեմ։ Բայց կան բաներ, որոնք մի տարի առաջ չկային, երկու տարի առաջ չկային։ Օրինակ՝ մաքսային իմաստով ուղիղ առևտուրը»,– ասել է Միրզոյանը։
Միրզոյանը կարևորել է առկա առաջընթացը շարունակելը՝ անդրադառնալով նաև Ադրբեջանի հետ առևտրին և տարանցիկ փոխադրումներին։
Հոկտեմբերի 21-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում՝ արգելելով նրանց մուտքը երկիր։ Ցուցակում են Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն, «Նոր բարօրություն» կուսակցության նախագահ Ֆաթիհ Էրբաքանը, քաղաքական, հասարակական և լրատվական շրջանակների այլ ներկայացուցիչներ։ Ադրբեջանի ԱԳՆ-ն որոշումը հիմնավորել է նրանց հրապարակումներով, որոնք, գերատեսչության պնդմամբ, պարունակել են երկրի ինքնիշխանության և սահմանադրական կարգի դեմ ուղղված, իշխանության բռնի փոփոխության ու կրոնական թշնամանքի հրահրման կոչեր։
Դրանից առաջ՝ հոկտեմբերի 19-ին, Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել էր Թուրքիայում բնակվող և գործունեություն ծավալող յոթ անձի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին։ Նրանց մեղադրանքներ են ներկայացվել իշխանությունը բռնի զավթելու հրապարակային կոչերի, կրոնական թշնամանք հրահրելու և կրոնական ծայրահեղականություն քարոզող նյութեր տարածելու համար։