Ինչպես նախագրանցվել՝ կենսաչափական նոր անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար. մանրամասնում է Նելլի Դավթյանը
2 րոպեի ընթերցում
Հայաստանի քաղաքացիները հոկտեմբերի 31-ից կարող են նախագրանցվել՝ կենսաչափական նոր անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համար։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը մանրամասներ է ներկայացրել գործընթացի վերաբերյալ։
Նախագրանցման հարթակը հասանելի կլինի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության և գործընթացը սպասարկող մասնավոր «Հայփաս» ընկերության պաշտոնական կայքերում։
«Նախագրանցում իրականացնելու համար ամենաապահով և արագ ճանապարհը խիստ նույնականացում անցնելն է, ինչի համար անհրաժեշտ է էլեկտրոնային ստորագրության առկայություն։ Խիստ նույնականացմամբ նախագրանցվելու համար քաղաքացուց վայրկյաններ է պահանջվելու, իսկ առանց խիստ նույնականացման դեպքում որոշակի տվյալներ մուտքագրելու անհրաժեշտություն է առաջանալու։ Նույնականացումից հետո քաղաքացին կուղղորդվի վճարման էջ, այնուհետև կկարողանա ընտրել իրեն հարմար սպասարկման գրասենյակ, օր և ժամ։ Կենսաչափական նոր անձնագրի համար քաղաքացիները կվճարեն 28 650 դրամ, իսկ նույնականացման քարտը կարժենա 5950 դրամ»,- ասաց Նելլի Դավթյանը։
Նախնական փուլում «Հայփաս» ընկերության սպասարկման 2 գրասենյակ գործելու է Երևանում, 12-ը՝ մարզերում։ Մինչև հաջորդ տարվա փետրվարի ավարտը մարզերում ևս 9 գրասենյակ կբացվի։
«Կենսաչափական նոր անձնագրերը և նույնականացման քարտերը քաղաքացուն կտրամադրվեն 14 աշխատանքային օրվա ընթացքում։ Կունենանք նաև արագացված ծառայություն, որը կգործի հավելավճարով։ Այս պահի դրությամբ արագացված ծառայության արժեքները դեռևս հստակեցված չեն»,- հավելել է Նելլի Դավթյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Առուշանյան