ԵԱՏՄ պայմանագիրը Հայաստանի նկատմամբ ժամանակավորապես կասեցնելու համատեղ որոշում կարող է ընդունվել. միջկառավարական խորհրդի զեկույց
5 րոպեի ընթերցում
Եվրասիական միջկառավարական խորհրդում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչները զեկույց են ներկայացրել Հայաստանի նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը։
Նշվում է, որ ի կատարումն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահների՝ 2026 թվականի մայիսի 29-ի համատեղ հայտարարության՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամների՝ 4 երկրների ներկայացուցիչների կազմով պատրաստվել է «Հայաստանի Հանրապետության նկատմամբ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին» զեկույցը։
Զեկույցը ներառում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կողմից Եվրամիությանն անդամակցելուն ուղղված ձեռնարկված միջոցների մասին, Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության իրավական ռեժիմների համատեղելիության վերլուծություն (մասնավորապես՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում ստանձնած պարտավորությունների և ԵՄ-ին անդամակցելու հետ կապված պարտավորությունների մասով), Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ-ին անդամակցելու որոշման հետևանքով առաջացող ռիսկերը կանխելուն կոչված իրավական մեխանիզմների մասին տեղեկություններ, ինչպես նաև՝ 2014 թվականի մայիսի 29-ի՝ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ կասեցնելու հնարավոր հետևանքների գնահատականներ։
Նշվում է, որ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին ուղղված դիմումը՝ զեկույցի հավելվածով, 2026 թվականի հոկտեմբերի 20-ին ուղարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամներին (ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներ) պաշտոնապես փոխանցելու համար։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի գործողությունները հակասում են ԵԱՏՄ պայմանագրի 3-րդ հոդվածով ամրագրված այն պարտավորությանը, ըստ որի՝ անդամ պետությունները պետք է նպաստեն միության գործառույթների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և ձեռնպահ մնան այնպիսի միջոցներից, որոնք կարող են վտանգել միության նպատակների իրագործումը։
Միևնույն ժամանակ, փաստաթղթում ընդգծվում է, որ ԵԱՏՄ պայմանագիրը ուղղակիորեն չի նախատեսում մեխանիզմ, որով անդամ պետությունները կարող են միակողմանիորեն կասեցնել պայմանագրի գործողությունը մեկ այլ անդամ պետության նկատմամբ։
Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը հղում են կատարում միջազգային իրավունքի ընդհանուր ճանաչված նորմերին ու սկզբունքներին, մասնավորապես՝ 1969 թվականի Վիեննայի կոնվենցիային՝ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին։
Զեկույցի հեղինակների դիրքորոշմամբ՝ այդ իրավական հիմքերի շրջանակում չորս երկրները կարող են քննարկել համատեղ որոշման ընդունման հնարավորությունը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի և միության իրավական համակարգի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի գործողությունը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։
Փաստաթղթում նշվում է, որ նման որոշման գործողությունը կարող է պահպանվել մինչև Հայաստանում հանրաքվեի անցկացումը, որի ընթացքում կքննարկվի երկրի՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունը շարունակելու կամ Եվրամիությանն անդամակցելու հարցը։
2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման ուղղությամբ քայլերը կարող են ռիսկեր ստեղծել ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսական անվտանգության համար։
Չորս երկրների ղեկավարները իրենց ներկայացուցիչներին հանձնարարել էին մինչև 2026 թվականի դեկտեմբեր զեկույց ներկայացնել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության հնարավոր կասեցման հետևանքների վերաբերյալ։ Նրանք նաև արտահայտվել են Հայաստանում հնարավորինս կարճ ժամկետում համազգային հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության օգտին՝ ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու հարցով։