Ամուլսարի հանքի շահագործումը շրջակա միջավայրի վրա շատ փոքր ազդեցություն կունենա․ Գևորգ Պապոյան
2 րոպեի ընթերցում
Հայաստանի Հանրապետությանն անհրաժեշտ է այնպիսի հանքարդյունաբերություն, որը նվազագույն ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ հարցին։
«Հետազոտությունները ցույց են տվել, որ Ամուլսարի հանքի շահագործումը շրջակա միջավայի վրա շատ փոքր ազդեցություն կունենա։ Հանքի շահագործման վերաբերյալ նախապես շրջանառվող բացասական պատմություններն հետազոտություններով առնվազն չեն հաստատվել։ Հանքն արդեն գործում է, թողարկում և արտահանում ունի։ Այս պահի դրությամբ Ամուլսարի ոսկու հանքավայրում 1600 աշխատող կա, լրացուցիչ անուղղակի մինչև 4000 աշխատատեղ է ստեղծվել։
Ամուլսարի հանքը հաջորդ տարի առնվազն մինչև 130 միլիոն դոլար հարկ է վճարելու պետական բյուջե։ Այս հանքի շահագործումը Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշում 1,5-2 տոկոս ազդեցություն է ունենալու»,- ասել է Գևորգ Պապոյանը։
Նախարարն ընդգծել է, որ Ամուլսարի հանքի շահագործումը մեծապես կօգնի Հայաստանը տնտեսապես զարգացած երկիր դարձնելու գործում։
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրը պաշտոնապես շահագործման էր հանձնվել հոկտեմբերի 10-ին։