Ստեղծվել է աշխատանքային խումբ հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրներին լուծում առաջարկելու նպատակով
3 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ստեղծվել «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի միջև 2026 թվականի հոկտեմբերի 14-ին կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքներով ստեղծել աշխատանքային խումբ՝ «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն կառավարման արդյունավետության հետ կապված խնդիրները քննարկելու ու եռամսյա ժամկետում դրանց լուծման հնարավորությունները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով»,-ասված է որոշման մեջ։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Դավիթ Իվանյանը։
Աշխատանքային խմբում նաև ներառված են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության երկաթուղային և ջրային տրանսպորտի քաղաքականության վարչության պետ Արտակ Պապյանը, ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Ալեքսեյ Շիլոն, «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վյաչեսլավ Պավլովսկին, Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ արտասահմանյան նախագծերի և միջազգային համագործակցության դեպարտամենտի պետ Անտոն Կոզլովը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը։
Աշխատանքային խումբը ստեղծելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հանդիպման արդյունքներով։