Փաշինյանը նպատակ է դրել մինչև 2031 թվականը հասնել Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը
2 րոպեի ընթերցում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումը համարում է իր առաջիկա կարևորագույն անելիքը։ Նա հայտարարել է, որ անձնական նպատակ է դրել այդ խնդրի լուծմանը հասնել մինչև 2031 թվականը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասել է Կառավարության հոկտեմբերի 15-ի նիստում՝ ընդգծելով, որ խաղաղության համաձայնագրի հարցն իր աշխատանքային օրակարգի առաջնահերթությունն է։
Վարչապետը նշել է, որ այդ նպատակը չի նշանակում մյուս օրակարգերից հրաժարում։
«Բայց ես նաև ինքս ինձ համար այդպիսի խնդիր եմ դրել, և կոնկրետ ժամանակացույցը՝ մինչև 2031 թիվը հասնել այդ խնդրի լուծմանը։ Բնականաբար, սա նաև Կառավարության և ընդհանրապես մեր քաղաքական թիմի անելիքն է։ Բայց ես՝ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, նաև իմ անձնական օրակարգի առումով շատ կարևոր եմ համարում, որ մենք այս խնդիրը մինչև 2031 թվականը լուծենք»,– հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այդ առաջնահերթությունը նոր ձևավորված ընկալման արդյունք չէ։ Վարչապետը նաև նշել է, որ տեսնում է նպատակին հասնելու հնարավորությունը։
«Իհարկե, այնպես չի, որ նոր է այս ընկալումը ձևավորվել, բայց ես նաև ուզում եմ ասել, որ ես տեսնում եմ, որ կա այդ հնարավորությունը։ Հակառակ դեպքում չէի բարձրաձայնի այս և այլ ձևաչափերով»,– ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ Կառավարությունը պետք է կենտրոնանա այդ օրակարգի վրա՝ միաժամանակ երկրորդ պլան չմղելով մյուս ռազմավարական ծրագրերը։ Այդ համատեքստում նա հիշատակել է TRIPP նախագիծը, հաղորդակցությունների բացումը, տնտեսական զարգացումը, ինչպես նաև հեղափոխության ժամանակ ձևավորված օրակարգերը։
Վարչապետի գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ ու վավերացմամբ կամփոփվի Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի պատմության մի էական շրջափուլ, և կբացվի նորը՝ նոր ուղղություններով ու տրամաբանությամբ։
Փաշինյանը կրկին շեշտել է, որ կարևորագույն օրակարգերի շարքում իր համար ամենակարևորը խաղաղության համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է։