Միավորելով խոհանոցն ու մշակույթը. Խաչիկ գյուղում կանցկացվի Գաթայի փառատոնը

4 րոպեի ընթերցում

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղն արդեն 10-րդ անգամ համախմբում է գաթայի սիրահարներին։ Գյուղում սեպտեմբերի 19-ին մեծ շուքով անցկացվելու է համեղ ու քաղցր միջոցառումներից մեկը՝ Գաթայի փառատոնը։  2014 թվականից անցկացվող Գաթայի փառատոնն արդեն դարձել է համայնքի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միավորելով խոհանոցը, մշակույթը, տեղական արտադրությունն ու գյուղի մարդկանց։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշեց, որ գյուղը մեծ ոգևորությամբ է սպասում փառատոնի անցկացմանը, որը մեծ թվով զբոսաշրջիկների հոսք է ապահովում։

«Երբ տարիներ առաջ նոր էինք սկսում գործընթացը, մի քանի հարյուր հոգով էինք անցկացնում փառատոնը, այն կարծես գյուղի տոնը լիներ։ Հիմա փառատոնի շրջանակում մեծ թվով զբոսաշրջիկներ են գալիս ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։ Գաթայի փառատոնն այնքան սիրված ու սպասված է դարձել, որ շատ միջազգային զբոսաշրջիկներ Հայաստանում լինելով, անպայման մասնակցում են։ Ռուս զբոսաշրջիկներից մեծ արձագանք ունենք։ Ակտիվ են նաև տուրիստական ընկերությունները՝ կազմակերպելով տուրեր Խաչիկ գյուղ։ Այցելուները տեղում ոչ միայն լավ ժամանակ են անցկացնում, համեղ ուտեստներ վայելում, այլև գյուղական միջավայրն ու մթնոլորտն են զգում»,-ասաց Նունե Մանուկյանը։

Տոնական օրը սկսվելու է ժամը 12։00-ին։ Գաթայի օրհնության կարգով կտրվի փառատոնի պաշտոնական մեկնարկը, որից հետո ողջույնի խոսքով հանդես կգա համայնքի ղեկավարը։ Հայտնի պարային խմբերի ու կատարողների մասնակցությամբ կմեկնարկի համերգային ծրագիրը, կլինի ազգային երգ ու պար, լարախաղաց, նախատեսված են վարպետության դասեր։ Խաչիկ բնակավայրի մշակույթի պատասխանատու Բելլա Առաքելյանն ընդգծեց, որ փառատոնի գլխավոր զարդը շարունակում է մնալ գաթան։

«Փառատոնի շրջանակում ամեն տարի ներկայացվում է գաթայի հարուստ տեսականի։ Պահպանվում են ինչպես ավանդական բաղադրատոմսերով գաթաներն, այնպես էլ ներկայացվում են նոր գաղափարներով թխվածները։ Օրինակ՝ ունենալու ենք գաթաներ կաթնաշոռով, ավելուկով, ընկույզով, մեղրով և այլն։ Գլխավոր զարդը լինելու է մեծ տրամագծով պատրաստված գաթան։ Նախորդ տարին 4 մ 48 սմ տրամագծով էր, այս տարի անակնկալ է լինելու։ Ասեմ, որ գաթայում լինելու են մետաղադրամներ, որոնք բաժին կհասնեն տարվա հաջողակներին»,-ասաց Բելլա Առաքելյանը։

Նախորդ փառատոնին Խաչիկ գյուղն ունեցել է շուրջ 6000 այցելու։ Այս տարի ևս մեծ թվով հյուրեր են սպասվում։ Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանը նկատեց, որ յուրաքանչյուր զբոսաշրջիկ իր այցելությամբ մեծ աջակցություն է սահմանային գյուղի համար։

«Նման միջոցառումները մեծ փոփոխություններ են բերում գյուղ։ Համայնքի բնակիչները մի ամբողջ տարի սպասում են ու պատրաստվում են այս փառատոնին։ Սա շատ լավ հնարավորություն է իրենց բերքն ու բարիքը վաճառելու, ձեռքի աշխատանքը ներկայացնելու։ Գյուղում բավական բարելավվել են ենթակառուցվածքները՝ լուսավորություն, ճանապարհներ, բարեկարգվել է կենտրոնական պուրակը»,-ասաց Հովիկ Սմբատյանը։

Հայերեն English