Հայաստանը թևակոխել է ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ. Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին

6 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Միջազգային տիեզերական գագաթնաժողովին:

Բարձրաստիճան հյուրերի դիմավորման արարողությունից հետո տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, որի ընթացքում ողջույնի խոսքով հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Միջոցառմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Հունաստանի վարչապետ Կիրիկոս Միցոտակիսը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Հաջորդիվ՝ վարչապետ Փաշինյանը մասնակցել է «Տիեզերական ենթակառուցվածքների ապագայի տեսլականները» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում հանդես է եկել ելույթով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշել է․

«Մեծարգո՛ նախագահ,

Գերազանցություններ,

Հարգելի հյուրեր,

Սկզբում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանսիայի կառավարությանը և անձամբ նախագահ Մակրոնին՝ ջերմ ընդունելության և այս կարևոր Միջազգային տիեզերական գագաթնաժողովը կազմակերպելու համար:

Տիկնայք և պարոնայք,

Հայաստանը թևակոխել է իր ազգային տիեզերական կարողությունների զարգացման նոր փուլ։

2022 թվականին Հայաստանն արձակեց իր առաջին արբանյակը՝ ARMSAT-1-ը, որը մշակվել էր եվրոպական տեխնոլոգիաներով և ուղեծիր էր դուրս բերվել SpaceX-ի կողմից։ Ընդամենը մեկ տարի անց մենք հասանք ևս մեկ հանգրվանի՝ HAYASAT-1-ին, որը հայ մասնագետների կողմից ամբողջությամբ հավաքված և փորձարկված առաջին հայկական արբանյակն է։

2026-2031 թվականների Հայաստանի կառավարության ծրագիրն ազգային տիեզերական կարողությունների զարգացումը սահմանում է որպես առանձին ռազմավարական նպատակ։ Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն երեք արբանյակ՝ երկուսը Երկրի դիտարկման և մեկը՝ հեռահաղորդակցության համար, միաժամանակ զարգացնելով սեփական գետնային ենթակառուցվածքներ և ներքին կարողություններ արբանյակային կառավարման, տվյալների ընդունման, մշակման և վերլուծության համար։ Մենք նաև նախատեսում ենք ստեղծել գետնային կայանների բաշխված ցանց, որը կարող է սպասարկել ոչ միայն Հայաստանի ազգային կարիքները, այլև աջակցել միջազգային տիեզերական առաքելություններին և արբանյակային տվյալների ու ծառայությունների աճող պահանջարկին։

Առաջ նայելով՝ Հայաստանը նպատակ ունի ավելի ակտիվորեն մասնակցել միջազգային տիեզերական ծրագրերին՝ հնարավորություն տալով հայ ինժեներներին և ընկերություններին ներդրում ունենալ տիեզերական հետազոտությունների համար նախատեսված բարդ համակարգերի և սարքավորումների նախագծման, ճարտարագիտության և արտադրության մեջ։

Միևնույն ժամանակ, ՀՀ գիտական ​​ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, ի թիվս այլոց, տիեզերական և ավիատիեզերական տեխնոլոգիաները սահմանում է որպես ռազմավարական առաջնահերթություն։ Սա ներառում է Երկրի դիտարկումը, արբանյակային կապը, տիեզերական իրավիճակային իրազեկությունը, նավիգացիոն տեխնոլոգիաները և այլ զարգացող ոլորտներ։

Հայաստանը նաև գիտակցում է տիեզերքի և արհեստական ​​բանականության միջև աճող ընդհանրությունը։ Այս համատեքստում, մենք մշակում ենք «Արհեստական ​​բանականության գործարանների այգու» ավելի լայն ազգային հայեցակարգ, որը նպատակ ունի ստեղծել առաջադեմ հաշվարկների և արհեստական ​​բանականության հնարավորությունների էկոհամակարգ՝ աջակցելու հետազոտություններին, նորարարություններին և տեխնոլոգիական զարգացմանը տարբեր ոլորտներում։ Այս առումով, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջերս Հայաստանում բացվել է NVIDIA-ի հետ համագործակցությամբ մշակված Firebird արհեստական ​​բանականության գործարանը։

Ակադեմիական քաղաքը, որը Հայաստանն այժմ զարգացնում է որպես նոր ակադեմիական և հետազոտական ​​էկոհամակարգ, կլինի այս վերափոխման մեկ այլ կարևոր բաղադրիչ։ Համալսարաններին, հետազոտական ​​հաստատություններին, ուսանողներին, հետազոտողներին, միջազգային գործընկերներին և մասնավոր հատվածին միավորելով՝ մենք մտադիր ենք ստեղծել ավելի ամուր կապեր կրթության, գիտության և արդյունաբերության միջև և ապահովել միջավայր առաջադեմ հետազոտությունների և տեխնոլոգիական զարգացման համար։

Գերազանցություններ,

Մենք կարծում ենք, որ համաշխարհային տիեզերական տնտեսության ընդլայնումը պետք է ուղեկցվի դրա առավելություններին ավելի լայն հասանելիությամբ։ Զարգացող տիեզերական կարողություններ ունեցող երկրները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու ոչ միայն որպես տեխնոլոգիաների և տվյալների օգտագործողներ, այլև ավելի ու ավելի շատ որպես հետազոտությունների, նորարարության և տեխնոլոգիական զարգացմանը նպաստողներ։

Ամփոփելով՝ կցանկանայի վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ ներդնել գիտության և մարդկային կապիտալի մեջ, ինչպես նաև ամրապնդել միջազգային գործընկերությունները, որպեսզի տիեզերական գիտությունը, տեխնոլոգիաները և տվյալները նպաստեն կայուն զարգացմանը և մարդկության համար ավելի լավ ապագայի կերտմանը։

Շնորհակալություն»։

Հայերեն العربية English Español Français ქართული Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում