Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է Al-Futtaim Group-ի ներկայացուցիչների հետ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Al-Futtaim Group»-ի ներկայացուցիչների հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Գևորգ Պապոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը։
Նախարարը հանդիպման ընթացքում ներկայացրել է Հայաստանում ձևավորված բարենպաստ ներդրումային և գործարար միջավայրը, երկրի մրցակցային առավելություններն ու ներդրումային ներուժը՝ ընդգծելով միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնման և նոր ներդրումային ծրագրերի ներգրավման կարևորությունը։
Այնուհետև մտքեր են փոխանակվել «Al-Futtaim Group»-ի հարուստ միջազգային փորձի և մասնագիտական ներուժի ներդրմամբ Հայաստանում համագործակցության հնարավորությունների՝ մասնավորապես IKEA բրենդի արտադրական և առևտրային հնարավորությունները Հայաստանում ներկայացնելու շուրջ։
Անդրադարձ է կատարվել փոխշահավետ ներդրումային նախաձեռնությունների իրականացման և հետագա գործակցությունը զարգացնելու հեռանկարներին։
«Al-Futtaim Group»-ը ավելի քան 90 տարվա պատմություն ունեցող ընկերություն է, որի գործունեությունն ընդգրկում է մի շարք առանցքային ոլորտներ՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, մանրածախ առևտուր, անշարժ գույք, ֆինանսական ծառայություններ, առողջապահություն և կրթություն։ Ընկերությունը գործում է ավելի քան 20 երկրում, ունի ավելի քան 40,000 աշխատակից։ Ընկերության պորտֆելը ներառում է ավելի քան 200 միջազգային և սեփական բրենդեր։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։