Կիևը չի կարող ԱՄՆ-ից Patriot ՀՕՊ համակարգի հրթիռներ գնել ԵՄ-ի հատկացրած 6,1 միլիարդ եվրոյով

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը Կիևին առայժմ թույլ չի տվել ԱՄՆ-ից Patriot հակաօդային պաշտպանության միջոցներ գնել ԵՄ 90 միլիարդ եվրոյի ռազմական ֆինանսավորման ծրագրի գումարով, քանի որ ծրագրով գործում են Ռուսաստանի դեմ մարտական ​​գործողությունների համար Եվրոպայի ռազմական ընկերություններից զենքի առաջնահերթ գնումների կանոններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Բալաշ Ույվարին, որի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինացի լրագրողը հարց է ուղղել՝ արդյոք Կիևը կարող է այդ ծրագրի վերջին 6,1 միլիարդ եվրոյի տրանշը, որը Եվրահանձնաժողովը հատկացրել է օգոստոսի 24-ին, ծախսել ԱՄՆ-ից Patriot հրթիռների շտապ գնումների համար։

«Առաջին անգամ 90 միլիարդ եվրոյի ծրագրի շրջանակներում մենք հավանություն ենք տվել գլխավորապես հակաբալիստիկ միջոցներին, ինչպես նաև հրթիռներին և ռադարներին: Պատասխանելով ձեր հարցին՝ մենք չենք կարող մեկնաբանել այդ պայմանագրերի մանրամասները, դրանք գաղտնի են, բայց ես կարող եմ ասել, որ այդ տրանշում բացառություններ չկան (խմբ.՝ «գնել եվրոպականը» կանոնից)։ Դա նշանակում է, որ ամբողջ զենքը կարտադրվի միայն ԵՄ-ում կամ Ուկրաինայում», - ասել է Ույվարին:

Օգոստոսի 24-ին ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի պաշտպանության ոլորտի համար հաջորդ՝ 6,1 միլիարդ եվրոյի ֆինանսավորման փաթեթը՝ սպառազինությունների ձեռքբերման համար։

Եվրոպա

ԵՄ-ն ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի պաշտպանության համար

Հայերեն Русский