Ռուսաստան

Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներ Պուտինի այցելության առնչությամբ

2 րոպեի ընթերցում

Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներ Պուտինի այցելության առնչությամբ

Ճապոնիան իր դժգոհությունն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ օգոստոսի 13-ին Կուրիլյան կղզիներ, մասնավորապես Իտուրուպ կղզի այցելելու առնչությամբ, քանի որ այն ճապոնական կողմն իր տարածքն է համարում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին հայտարարել է, որ այդ կղզիները «ինչպես պատմականորեն, այնպես էլ միջազգային իրավունքի համաձայն, Ճապոնիայի անբաժանելի տարածքն են, և Ճապոնիայի կառավարությունը խստորեն բողոքում է այս այցի դեմ»։

Ռուսաստանի պետական լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Պուտինն այցելել է Իտուրուպ կղզի, որը Ճապոնիայում հայտնի է որպես Էտորոֆու։ Այն Կուրիլյան շղթայի չորս կղզիներից մեկն է, որոնց նկատմամբ տարածքային հավակնություններ ունեն ինչպես Ռուսաստանը, այնպես էլ Ճապոնիան։

Կողմերը տասնամյակներ շարունակ տարածքային վեճի մեջ են Կուրիլյան կղզիների շուրջ, և հենց այս հարցն է հիմնական պատճառը, որ Մոսկվան և Տոկիոն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո խաղաղության պայմանագիր չեն ստորագրել։

Կուրիլյան կղզիները տեղակայված են Ճապոնիայի հյուսիսում գտնվող Հոկայդո կղզու և Ռուսաստանի Կամչատկա թերակղզու միջև։ Կղզեխմբի չորս ամենահարավային կղզիների նկատմամբ հավակնություններ ունի Ճապոնիան, որը դրանք անվանում է «Հյուսիսային տարածքներ»։

Կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գտնվում են Ռուսաստանի վարչական վերահսկողության ներքո։

Սա Պուտինի առաջին այցն է Կուրիլյան կղզիներ։ Մինչ այդ Ռուսաստանի պետության և կառավարության ղեկավարները Կուրիլյան կղզիներ այցելել էին ընդհանուր առմամբ հինգ անգամ։ Դմիտրի Մեդվեդևը կղզիներ է այցելել չորս անգամ՝ 2010 թվականին՝ որպես ՌԴ նախագահ, իսկ 2012, 2015 և 2019 թվականներին՝ որպես Ռուսաստանի վարչապետ։ 2021 թվականին Իտուրուպ կղզի է այցելել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում