1 րոպեի ընթերցում
Եմենի «Անսար Ալլահ» շարժման հուսի ապստամբները վերջին վեց օրվա ընթացքում կորցրել են 84 մարտիկ, այդ թվում՝ 28 հրամանատար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Սաուդյան Արաբիայի «Ալ Արաբիա» հեռուստաալիքը։
Ըստ հեռուստաալիքի աղբյուրների՝ միայն ապստամբների կողմից գրավված մայրաքաղաք Սանայում վերջին շաբաթվա ընթացքում հուղարկավորվել է շարժման 40 անդամ։ Հեռուստաալիքը նշում է, որ այս թվերը վկայում են հուսիների շարքերում զոհերի աճի մասին՝ բազմաթիվ ճակատներում շարունակվող մարտերի ֆոնին։
Մի շարք տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ երեքշաբթի երեկոյան Եմենի կառավարական ուժերը հրետանային հարվածներ են հասցրել և անօդաչու թռչող սարքեր են օգտագործել ապստամբների դեմ Ադ-Դալի հյուսիսային նահանգում։
Օգոստոսի 11-ին հուսիները հայտարարել են, որ զանգվածային բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի դիրքերին Մոչա քաղաքի և Մարիբ նահանգի մոտակայքում։