Խիստ վերսհսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. Սանիտարական գրքույկը կլինի պարտադիր
2 րոպեի ընթերցում

Հայաստանի անրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, նկատի ունենալով հանրության կողմից սննդամթերքի առաքման ծառայություններից ավելի հաճախ օգտվելու հանգամանքը, ինչպես նաև արձագանքելով քաղաքացիներից ստացվող բողոքների ու ահազանգերի մտահոգիչ քանակին, լայնածավալ վերահսկողություն կսկսի առաքում իրականացնող կազմակերպությունների դաշտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաքում իրականացնող անձանց նախնական ու պարբերական բժշկական զննության ենթարկված չլինելու և սանիտարական (բժշկական) գրքույկի բացակայության դեպքում վերջիններս կկրեն վարչական պատասխանատվություն. նրանց գործատուի պարտականությունն է ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցների բժշկական զննության ենթարկվելը:
«Առաքում իրականացնող գործընկեր-կազմակերպությունների հետ կազմակերպված հանդիպման ընթացքում նրանք խնդրեցին տրամադրել ժամկետ իրենց առաքիչների (2-3 հազար) համար բուժզննության և սանիտարական (բժշկական) գրքույկի ձեռքբերման ամբողջական գործընթացն ավարտելու համար: Ընդառաջելով խնդրանքին՝ տեսչական մարմնի կողմից սահմանվեց ողջամիտ ժամկետ:
2026թ. օգոստոսի 1-ից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ամբողջ ծավալով կիրացնի իրեն վերապահված վերահսկողական գործառույթը առաքում իրականացնողների նկատմամբ: Տվյալ դեպքում կհրապարակվեն ոչ միայն խախտումները, այլև այն գործընկեր-կազմակերպությունների անունները, որոնք բարեխղճորեն կատարած կլինեն օրենքի պահաջը»,-նշված է տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:
Սննդի շղթայի ցանկացած փուլում (արտադրության, մշակման, վերամշակման, բաշխման, պահման, պահպանման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման) ներգրավված անձնակազմը պետք է ենթարկվի նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական (յուրաքանչյուր կիսամյակ) բժշկական զննությունների և ունենա անձնական սանիտարական (բժշկական) գրքույկ։