3 րոպեի ընթերցում
Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Հանդիպման սկզբում Լավրովը հայտարարել է, որ քննարկման թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
«Այսօր մենք կքննարկենք մեր համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։ Տնտեսական ոլորտի հետ կապված բոլորովին վերջերս՝ ապրիլին, տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։ Նաև լավ միտումներ և հեռանկարներ կան մշակութային և հումանիտար ոլորտում։ Եվ, անշուշտ, կքննարկենք Հարավային Կովկասում իրավիճակը», - հանդիպման սկզբում ասել է Լավրովը։
Լավրովը նաև նշել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։
Նա հավելել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և կառավարությունների ու ԱԳ նախարարությունների աշխատանքի շնորհիվ կարգավորվել են բոլոր հարցերը՝ կապված ադրբեջանական AZAL ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի վթարի հետ։
Լավրովը նաև նշել է, որ ուրախ է արտգործնախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելու հնարավորության համար։
«Դա ամրապնդում է երկու երկրների նախագահների և կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների միջև կանոնավոր շփումները», - ասել է Լավրովը։
Ռուս նախարարի խոսքով՝ «այս ամենը ցույց է տալիս, որ չնայած առաջացող այս կամ այն դժվարություններին, որոնք կյանքում անխուսափելի են, մենք շարժվում ենք դեպի 2022 թ. փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք իրագործում»։
Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության Embraer-190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել:
2025 թ. հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն պնդում է, որ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարվի։ Ավելին, Ալիևը հայտարարեց Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններում դատական հայց ներկայացնելու համար փաստաթղթերի պատրաստման մասին։
«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական հրթիռները, որոնք արձակվել են ՀՕՊ համակարգի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերը որսալու համար, պայթել են AZAL-ի ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության վրա, և բեկորները հարվածել են ինքնաթիռին։