Ադրբեջան

Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները

Մոսկվայում մեկնարկել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։ Հանդիպման սկզբում Լավրովը հայտարարել է, որ քննարկման թեմաներից մեկը կլինի Հարավային Կովկասը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Այսօր մենք կքննարկենք մեր համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։ Տնտեսական ոլորտի հետ կապված բոլորովին վերջերս՝ ապրիլին, տեղի ունեցավ միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը։ Նաև լավ միտումներ և հեռանկարներ կան մշակութային և հումանիտար ոլորտում։ Եվ, անշուշտ, կքննարկենք Հարավային Կովկասում իրավիճակը», - հանդիպման սկզբում ասել է Լավրովը։

Լավրովը նաև նշել է «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։

Նա հավելել է, որ բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և կառավարությունների ու ԱԳ նախարարությունների աշխատանքի շնորհիվ կարգավորվել են բոլոր հարցերը՝ կապված ադրբեջանական AZAL ավիաուղիների ուղևորատար ինքնաթիռի վթարի հետ։

Լավրովը նաև նշել է, որ ուրախ է արտգործնախարարների մակարդակով երկխոսությունը շարունակելու հնարավորության համար։

«Դա ամրապնդում է երկու երկրների նախագահների և կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների միջև կանոնավոր շփումները», - ասել է Լավրովը։

Ռուս նախարարի խոսքով՝ «այս ամենը ցույց է տալիս, որ չնայած առաջացող այս կամ այն դժվարություններին, որոնք կյանքում անխուսափելի են, մենք շարժվում ենք դեպի 2022 թ. փետրվարի 22-ին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին Մոսկվայի հռչակագրի ներուժի լիարժեք իրագործում»։

Բաքվից Գրոզնի թռչող «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության Embraer-190 ինքնաթիռը վթարի է ենթարկվել 2024 թ. դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: Ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ: Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ 29 մարդ ողջ է մնացել:

2025 թ. հուլիսի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքուն պնդում է, որ ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվածների և վիրավորների ընտանիքներին փոխհատուցում վճարվի։ Ավելին, Ալիևը հայտարարեց Ռուսաստանի դեմ միջազգային դատարաններում դատական ​​հայց ներկայացնելու համար փաստաթղթերի պատրաստման մասին։

«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական հրթիռները, որոնք արձակվել են ՀՕՊ համակարգի կողմից ուկրաինական անօդաչու թռչող սարքերը որսալու համար, պայթել են AZAL-ի ինքնաթիռից մի քանի մետր հեռավորության վրա, և բեկորները հարվածել են ինքնաթիռին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում