Տնտեսություն

Կառավարությունը սահմանեց ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողներին ներկայացվող պահանջները

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը սահմանեց ԵՄ երկրներ ձուկ և ձկնամթերք արտահանող տնտեսավարողներին ներկայացվող պահանջները

Հայաստանի կառավարությունը սահմանեց Եվրոպական միության Առևտրի վերահսկման և փորձագիտական համակարգում՝ TRACES-ում գրանցվելու համար ձկնաբուծական տնտեսություններին, ձկնամթերք արտադրող և այն պահպանող կազմակերպություններին ներկայացվող պահանջները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հաստատվել է կառավարության հուլիսի 16-ի նիստում՝ չզեկուցվող հարցերի փաթեթով։

2025 թվականի մարտի 16-ից Հայաստանը թույլտվություն ունի ջրային կուլտուրաների՝ թեփուկավոր ձկների և դրանցից ստացված արտադրանքի արտահանում իրականացնել ԵՄ երկրներ։ Արտահանման համար տնտեսավարողները պետք է գրանցված լինեն TRACES համակարգում։

Գրանցվելու նպատակով տնտեսավարողը դիմում կներկայացնի Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին, որը կստուգի՝ արդյոք տնտեսությունը կամ կազմակերպությունը համապատասխանում է սահմանված պահանջներին։

Պահանջները վերաբերում են ձկան և ձկնամթերքի անվտանգությանը, հումքի վերահսկմանը, պահպանման և տեղափոխման ջերմաստիճանին, արտադրական տարածքների ու սարքավորումների սանիտարական վիճակին, անձնակազմի հիգիենային, հետագծելիությանը, փաթեթավորմանն ու մակնշմանը։

Ձկնամթերք արտադրող կազմակերպությունները պետք է ունենան վտանգների վերլուծության և հսկման կրիտիկական կետերի՝ ՎՎՀԿԿ սկզբունքների վրա հիմնված ընթացակարգեր։ Նրանք պետք է նաև ապահովեն արտադրանքի ծագման և տեղաշարժի հետագծելիությունը՝ արտադրությունից մինչև վաճառք։

Սառեցված ձկնամթերքը, որպես կանոն, պետք է պահվի և տեղափոխվի ոչ բարձր, քան -18 աստիճան ջերմաստիճանում։ Սահմանվել են նաև մակաբույծների ոչնչացման, հումքի հալեցման, ջրի և սառույցի օգտագործման, թափոնների կառավարման ու վնասատուների վերահսկման պահանջներ։

Ձկնաբուծական տնտեսությունների համար սահմանվել են ջրավազանների, ջրամատակարարման, կարանտինային տարածքների, կենդանիների առողջության վերահսկման, կերի պահպանման և անասնաբուժական դեղամիջոցների կիրառման պահանջներ։

Տնտեսությունները պարտավոր կլինեն առնվազն երեք տարի պահպանել ձկների ծագման, քանակի, տեղափոխման, հիվանդությունների, անկման դեպքերի, բուժումների և անասնաբույժների ստուգայցերի վերաբերյալ տվյալները։

Ձկնամթերքի մակնշման մեջ պետք է ներառվեն ձկան գիտական ու առևտրային անվանումները, արտադրության եղանակը, ծագման երկիրը, պահպանման ժամկետն ու պայմանները, բաղադրիչները, ալերգենները, զտաքաշը և արտադրողի տվյալները։

TRACES համակարգում գրանցվելու համար կազմակերպությունները պետք է համապատասխանեն նաև Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության օրենսդրության պահանջներին։

Որոշման ընդունմամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը իրավական հիմք կստանա ստուգելու ԵՄ արտահանման նպատակով դիմող տնտեսավարողների համապատասխանությունը։ Կարգավորումը նպատակ ունի նպաստել արտահանման շուկաների ընդլայնմանը և հայկական տնտեսությունների՝ միջազգային չափանիշներին համապատասխան արդիականացմանը։

Կարդացեք հոդվածը` РусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում