Կառավարությունը 207 միլիոն 324 հազար դրամ կհատկացնի «Ինժեներական քաղաքի» ծրագրի շարունակականության համար
3 րոպեի ընթերցում
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով հաստատել է որոշում, որով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը կհատկացվի 207 միլիոն 324 հազար դրամ՝ «Ինժեներական քաղաքի» ծրագրի շրջանակում ստանձնած պարտավորությունների կատարման համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գումարից 204 միլիոն 624 հազար դրամը նախատեսվում է «Ինժեներական բիզնես աքսելերատորի» շենքի կառուցման և կահավորման շարունակականության ապահովման համար, իսկ 2.7 միլիոն դրամը՝ շենքի և ընդհանուր ենթակառուցվածքների համակարգման, պահպանման և սպասարկման աշխատանքների համար։
Որոշման հիմնավորման համաձայն՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» վարկային համաձայնագրի ժամկետը երկարաձգվել էր մինչև 2024 թվականի մայիսի 31-ը, սակայն համաձայնագրով նախատեսված ժամկետի ավարտին աշխատանքներն ամբողջությամբ չէին ավարտվել։
2024 թվականի մայիսի 31-ից հետո իրականացվող աշխատանքների ֆինանսավորումը նախատեսվել է իրականացնել ՀՀ պետական բյուջեի ներքին աղբյուրների հաշվին՝ ծրագրի շարունակականությունն ապահովելու նպատակով։
Հիմնավորման մեջ նշվում է, որ 2025 թվականի մայիսի 31-ի դրությամբ «Ինժեներական բիզնես աքսելերատորի» շենքի կառուցման, ինչպես նաև ավտոկայանատեղիների և տարածքի բարեկարգման աշխատանքները փաստացի ավարտվել են։ Միաժամանակ տեխնիկական, հեղինակային հսկողության և ծրագրի ղեկավարի աշխատանքները շարունակվել են ևս մեկ ամիս՝ վերջնական չափագրման, որակի հսկողության, թերությունների արձանագրման և փաստաթղթերի ամբողջականացման նպատակով։
Ծրագրի ընթացքում կապալառու շինարարական կազմակերպության հետ կնքված համաձայնագրերի արդյունքում պայմանագրի նախնական արժեքը՝ շուրջ 2 միլիարդ 871 միլիոն դրամը, ավելացել է 108.6 միլիոն դրամով և կազմել շուրջ 2 միլիարդ 980 միլիոն դրամ։
Ըստ հիմնավորման՝ ավելացումը պայմանավորված է եղել աշխատանքների ընթացքում ի հայտ եկած նոր՝ նախապես չբացահայտված աշխատանքներով և թերություններով, ինչպես նաև շուկայում որոշ ապրանքների բացակայության պատճառով դրանց համարժեք կամ ավելի բարձր որակի ապրանքատեսակներով փոխարինմամբ։
Պայմանագրի ընդհանուր արժեքից կապալառուին արդեն վճարվել է շուրջ 2 միլիարդ 701 միլիոն դրամ։ Բոլոր աշխատանքների ամբողջական ավարտի դեպքում կապալառուին վճարման ենթակա մնացորդը կազմում է շուրջ 278 միլիոն դրամ, որից 73.8 միլիոն դրամը գտնվում է գանձապետական դեպոզիտային հաշվին, իսկ մնացած 204.6 միլիոն դրամի ֆինանսավորման հարցը կարգավորվում է հաստատված որոշմամբ։
Բացի այդ, «Ինժեներական բիզնես աքսելերատորի» շենքի հարևանությամբ գտնվող չորս շինությունների հետագա ճակատագիրը որոշելու նպատակով անհրաժեշտ է լիցենզավորված մասնագիտական եզրակացություն և գնահատում, որի համար նախատեսվում է 2.7 միլիոն դրամ։