Կառավարությունը պտուղ, միրգ-բանջարեղեն, ծաղիկ և խմիչք արտահանողներին կտրամադրի 3.14 մլրդ դրամ աջակցություն

3 րոպեի ընթերցում

Կառավարությունն Էկոնոմիկայի նախարարությանը կհատկացնի 3 միլիարդ 140 միլիոն դրամ՝ արտահանման աջակցության ծրագրերի շրջանակում հունիս ամսվա ընթացքում առաջացած պարտավորությունները կատարելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցը Կառավարության նիստում զեկուցեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարի խոսքով՝ Կառավարությունը դեռևս հունիսի սկզբին շուկաների դիվերսիֆիկացման նպատակով ընդունել էր աջակցության ծրագիր, որով ֆինանսական աջակցություն է տրամադրվում արտահանողներին։

«Եթե արտահանվում են հայկական ծագման ջերմատնային արտադրության ապրանքներ, ինչպես նաև թարմ պտուղ և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակներ, Կառավարությունը ֆինանսական աջակցություն է տալիս»,- ասաց Պապոյանը։

Նա նշեց, որ որոշման նպատակն է կատարել հունիս ամսվա ընթացքում ծրագրերի արդյունքում առաջացած պարտավորություններն արտահանողների նկատմամբ։

«Իրենք արտահանել են, մենք իրենց պետք է ֆինանսական աջակցությունը այժմ տրամադրենք։ Միջոցառման իրականացման համար հունիս ամսին առաջացած պարտավորությունների կատարման նպատակով անհրաժեշտ է փոխհատուցել, ընդհանուր առմամբ, 3 միլիարդ 140 միլիոն դրամ»,- ընդգծեց նախարարը։

Որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ գումարը նախատեսված է երկու միջոցառումների իրականացման համար։ Ջերմատնային արտադրության առանձին ապրանքների արտահանման աջակցության միջոցառման համար նախատեսվում է հատկացնել 605 միլիոն 283 հազար դրամ, իսկ թարմ պտղի, սննդամթերքի և խմիչքների առանձին տեսակների արտահանման աջակցության միջոցառման համար՝ 2 միլիարդ 535 միլիոն 150 հազար դրամ։

ՍԱՏՄ-ի և ՊԵԿ-ի տրամադրած օպերատիվ տեղեկատվության համաձայն՝ հունիսին առաջին միջոցառման շրջանակում արտահանվել է շուրջ 208 տոննա լոլիկ, 784 տոննա պղպեղ, 109 տոննա ելակ և 4 միլիոն 69 հազար հատ ծաղիկ։

Երկրորդ միջոցառման շրջանակում հունիսին արտահանվել է շուրջ 2948 տոննա ծիրան, 1402 տոննա կեռաս, 1 տոննա սալոր, 1.5 միլիոն լիտր շշալցված բնական հանքային ջուր, 230 հազար լիտր շշալցված խաղողի գինի և 1.3 միլիոն լիտր շշալցված հայկական բրենդի՝ 100 տոկոս սպիրտի հաշվարկով։

Հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի ապահովելու արտահանված պտղի, բանջարեղենի, ծաղիկի, շշալցված բնական հանքային ջրի, շշալցված խաղողի գինու և շշալցված հայկական բրենդիի կամ հայկական կոնյակի համար փոխհատուցման ենթակա ծախսերը։

Հայերեն Русский