Քաղաքում խցանումների հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդատար ավտոմեքենաների թվի աճը. Ավինյան

3 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է պարբերաբար հրապարակել երթևեկության կառավարման կենտրոնի հավաքագրած տվյալներն ու ներկայացնել մայրաքաղաքում իրականացվող և նախատեսվող տրանսպորտային ծրագրերը։ Քաղաքում խցանումների հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդատար ավտոմեքենաների թվի աճը, իսկ խնդրի լուծման հիմնական ուղղությունը դիտարկվում է հանրային տրանսպորտի առաջնահերթության ապահովումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝այդ մասին գործակարգավարական նիստի ընթացքում նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Անհրաժեշտ է, որ քաղաքացիները տեղեկացված լինեն ինչպես իրականացվող փոփոխությունների, այնպես էլ այն լայնածավալ ծրագրերի մասին, որոնք ուղղված են քաղաքում երթևեկության կազմակերպման բարելավմանը և խցանումների նվազեցմանը։

Հանրությանը կներկայացնենք կոնկրետ իրականացվող աշխատանքներն ու ծրագրերը, որոնք նպատակ ունեն նվազեցնել երթևեկության խտությունը»,– նշել է քաղաքապետը։

Առաջնահերթ ուղղություններից են առանձին խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխությունները, սակայն հիմնական շեշտը դրվում է հանրային տրանսպորտի համակարգի ապահովման վրա։

Նա ընդգծել է, որ կարևոր նշանակություն ունեն նաև Երևանի երթևեկության կառավարման կենտրոնի հավաքագրած տվյալները, որոնք պարբերաբար պետք է դառնան հրապարակային հաշվետվությունների մաս՝ քաղաքացիներին ներկայացնելու առկա իրավիճակի իրական պատկերը։

Ըստ Երևանի քաղաքապետի՝ խցանումների հիմնական պատճառը մարդատար ավտոմեքենաների թվի շարունակական աճն է, ինչը նաև ազդում է հանրային տրանսպորտի արդյունավետ աշխատանքի վրա։ Նրա գնահատմամբ՝ առանց համակարգային փոփոխությունների՝ ավտոմեքենաների թվի աճը կարող է էլ ավելի խորացնել խցանումների խնդիրը, ուստի անհրաժեշտ են փուլային և տրամաբանական լուծումներ։

Քաղաքային զարգացման  ծրագրերում ներառված են արհեստական բանականությամբ կառավարվող լուսացույցների ներդրումը, ինչպես նաև հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ընդլայնումը։

Միաժամանակ, Ավինյանը նկատել է, որ հնարավոր սահմանափակումների վերաբերյալ քննարկումները պետք է դիտարկվեն միայն այն դեպքում, երբ քաղաքացիների համար ապահովված լինեն հստակ և արդյունավետ այլընտրանքներ։

«Եթե որևէ նոր կանոնակարգ կամ սահմանափակում պետք է կիրառվի, ապա նախ պետք է ապահովել, որ հանրային տրանսպորտը լինի ավելի արագ և արդյունավետ, քան սեփական մեքենայով տեղաշարժը։ Միաժամանակ, անհրաժեշտ է զարգացնել նաև կայանատեղիների համակարգը քաղաքի մուտքերում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան փոխել իրենց տեղաշարժման եղանակը»,- նշել է քաղաքապետը։

Հայերեն English

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ

Սուրեն Պապիկյանը խոսել է զորամասերում կարգապահության ամրապնդման ուղղությամբ թիրախային աշխատանքներ տանելու մասին

Ղազախստանի նախագահը ժամանեց Երևան

Ռուբեն Ռուբինյանը Հռոմում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ