Էթնիկ մեղեդիներն ու էլեկտրոնային երաժշտությունը՝ մեկ հարթակում. Գառնու տաճարում կանցկացվի առաջին Equinox փառատոնը

4 րոպեի ընթերցում

Equinox (գիշերահավասար) երաժշտական առաջին փառատոնը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին Գառնու տաճարում, թե՛ տեղացիներին, թե՛ զբոսաշրջիկներին կհամախմբի կենդանի հնչողությամբ էթնիկ երաժշտության և էլեկտրոնային ռիթմերի շուրջ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնին կմասնակցի երաժիշտների մի ամբողջ աստղաբույլ. Ջիվան Գասպարյան կրտսեր (դուդուկ), Արտո Թունչբոյաջյան (հարվածային գործիքներ և վոկալ), Արտյոմ Մանուկյան (թավջութակ), Նիկոլայ Մադոյան (ջութակ), Անահիտ Վարդանյան (էլեկտրոնային ստեղնաշարային գործիքներ): Փառատոնի հատուկ հյուրն է դիջեյ Էխոնոմիստը (Echonomist) Հունաստանից:

Գառնու տաճարի խորհրդավոր մթնոլորտն ու երաժշտական ոճերի յուրօրինակ համադրությունը խոստանում են ձևավորել այս ամառվա գլխավոր երաժշտական իրադարձությունը։

Նախաձեռնության հեղինակ Թովմաս Մարտիրոսյանի խոսքով՝ նման ձևաչափի փառատոն Հայաստանում դեռ չի անցկացվել: «Պատկերացնո՞մ եք դուդուկը, ջութակը, թավջութակն ու այլ գործիքներ հնչում են էլեկտրոնային երաժշտության հետ։ Իհարկե, նախնական պատկեր երաժիշտները ստանում են, բայց փառատոնային համերգին կենդանի հնչողությամբ բացառիկ ելույթներ են սպասվում։ Նախատեսվում են նաև պրեմիերաներ»,-տեղեկացնում է նա:

Մարտիրոսյանն ընդգծում է՝ աշխարհում ֆոլկ երաժշտությունը բեմում այնքան էլ հաճախ չէ համադրվում էլեկտրոնային երաժշտության հետ. հիմնականում ստուդիական ձայնագրություններ են արվում և հրապարակվում համացանցում։ Կենդանի ելույթների համար բարձր պրոֆեսիոնալիզմ է անհրաժեշտ, ուստի մեկ գաղափարի շուրջ են համախմբել լավագույններին:

Կարծում է՝ փառատոնը կարող է հետաքրքրել երաժշտության տարբեր ժանրերի սիրահարներին: «Մեր հայրենակիցներին դուր կգա Արտո Թունչբոյաջյանին ունկնդրել էլեկտրոնային ձևաչափով, հայկական դուդուկի երկրպագուներին կարող է զարմացնել դուդուկի նոր հնչողությունը: Ջիվան Գասպարյանը, Արտո Թունչբոյաջյանը, Նիկոլայ Մադոյանը միջազգային լայն ճանաչում ունեն։ Անահիտ Վարդանյանը, որը բնակվում է Գերմանիայում, ճանաչված է ամբողջ Եվրոպայում, Հայաստանում ևս ունի ակտիվ լսարան, Արտյոմը մի քանի տարի է՝ հետաքրքրված է էլեկտրոնային երաժշտությամբ, իսկ դիջեյ Էխոնոմիստը Հունաստանում լավագույն դիջեյների հնգյակում է և մեծ ոգևորությամբ է սպասում փառատոնին»,-ասում է Մարտիրոսյանը:

Equinox-ի կարևոր նպատակներից է երաժշտության միջոցով նպաստել Հայաստանի պատմամշակութային հուշարձանների հանրահռչակմանը, դրանց նկատմամբ հետաքրքրության մեծացմանը ոչ միայն ամռան ընթացքում, այլև մյուս ամիսներին:

«Փառատոնային համերգները նախատեսվում են տարվա մեջ չորս անգամ, չորս տարբեր եղանակների և չորս տարբեր տարածքներում։ Նախընտրում ենք այն կազմակերպել պատմամշակութային հուշարձան հանդիսացող կառույցների տարածքներում։ Ընտրելու ենք նաև ոչ այնքան հայտնի հուշարձանները, ամրոցները.  քանի որ սա առաջին փառատոնն է, նպատակահարմար գտանք այն անցկացնել Գառնու տաճարում, որը հանրայնացման խնդիր չունի»,-եզրափակում է Թովմաս Մարտիրոսյանն ու անմոռանալի երեկո խոստանում:

Հայերեն Русский

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկին՝ Սևանա լճի ափամերձ հողամասի վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ

ՇՎՏՄ-ն Պապ թագավորի փողոցում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին կոչ է անում հասցեի անվանման համապատասխան փոփոխություն կատարել

Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը

Քաղաքում խցանումների հիմնական պատճառը շարունակում է մնալ մարդատար ավտոմեքենաների թվի աճը. Ավինյան

Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը

1 տարվա փոխարեն 2 տարի. Երբ է ուժի մեջ մտնում վարորդական քննության կարգի փոփոխությունը

Թեհրանի փողոցներում հազարավոր մարդիկ հրաժեշտ են տալիս հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին

«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում

ՀՀ դատախազությունը ներդրում է ունեցել կիբեռհանցավորության դեմ միջազգային պայքարում. OCCRP-ն անդրադարձել է Հայաստանի կողմից Գերմանիային հանձնված անձի դատավճռին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի