Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն ցանկանում է վերադառնալ հայրենիք
3 րոպեի ընթերցում
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինո Մաչադոն պլանավորում է հնարավորինս շուտ վերադառնալ հայրենիք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Գործակալության աղբյուրների համաձայն՝ մի քանի ամերիկացի պաշտոնյաներ զգուշացրել են Մաչադոյին, որ նրա վերադարձը կարող է բախում առաջացնել գործող կառավարության հետ և շեղել ուշադրությունը փրկարարական աշխատանքներից՝ ավելի քան 1400 մարդու կյանք խլած հզոր երկրաշարժից հետո։
Այնուամենայնիվ, ըստ աղբյուրների, Թրամփի վարչակազմում այս հարցի շուրջ կոնսենսուս չկա, և որոշ պաշտոնյաներ, այդ թվում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, իրականում աջակցում են Մաչադոյի վերադարձի գաղափարին։ Սակայն Մաչադոյին կոչ են անում սպասել, քանի որ վաղաժամ վերադարձը կարող է սրել քաղաքական բևեռացումը և անկայունացնել երկիրը։
Bloomberg-ը նշում է, որ Մաչադոյի վերադարձը կստիպի Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսին ընտրել. կամ ընդունել իր գլխավոր քաղաքական մրցակցին՝ ազգային միասնություն ցուցադրելով, կամ բախվել մեղադրանքների, որ իր կառավարությունը նեղացնում է քաղաքական տարածքը ազգային աղետի ժամանակ։
Մարիա Կորինո Մաչադոն Վենեսուելայի խորհրդարանի անդամ էր և 2012 թվականին առաջադրվել էր նախագահի պաշտոնում։ 2024 թվականին, երբ Նիկոլաս Մադուրոն վերընտրվելու էր, Մաչադոն նրա կառավարության դեմ բողոքի ցույցերի առաջնորդներից մեկն էր։ Տասը տարի Մաչադոյին արգելվել էր լքել Վենեսուելան։ Բողոքի ցույցերից հետո նա գրեթե մեկ տարի թաքնված էր՝ խուսափելով ձերբակալման օրդերից, և գաղտնի լքեց Վենեսուելան 2025 թվականի աշնանը։
2025 թվականի հոկտեմբերին Մաչադոն արժանացավ խաղաղության Նոբելյան մրցանակի, որին ձգտում էր նաև Դոնալդ Թրամփը։ Մաչադոն մրցանակը ստացավ «Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքները պաշտպանելու և բռնապետությունից ժողովրդավարության արդար և խաղաղ անցման հասնելու համար իր անխոնջ աշխատանքի համար»։
2026 թվականի հունվարին Միացյալ Նահանգները տապալեց Նիկոլաս Մադուրոյին։ Մաչադոն ասաց, որ ընդդիմությունը պատրաստ է ստանձնել իշխանությունը Վենեսուելայում, բայց Թրամփը հայտարարեց, որ Մաչադոյի համար դժվար կլինի դառնալ երկրի առաջնորդ, քանի որ նա «չունի աջակցություն և հարգանք» Վենեսուելայի ներսում։ Աղբյուրները The Washington Post-ին հայտնել էին, որ Թրամփը չի աջակցել Մաչադոյին, քանի որ վերջինս հրաժարվել է Նոբելյան մրցանակը զիջել իրեն։ Ավելի ուշ Մաչադոն իր Խաղաղության մրցանակի մեդալը տվել էր Թրամփին (չնայած Նոբելյան կոմիտեն հայտարարել էր, որ մրցանակը փոխանցելի չէ)։