ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները

5 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Կառույցը բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հայտարարության մեջ Եվրոպական միությունը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատել քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։

«Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին»,-ասված է հայտարարության մեջ:

ԵՄ-ն, հղում կատարելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններին, նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ իրավական շրջանակներում:

«Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այդուհանդերձ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը բարեփոխումների ճանապարհին: Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը»,-նշել են ԵՄ-ում:

Հաղորդվում է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը:

«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար:

ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին և հավատարիմ է մնում Հայաստանին իր ժողովրդավարական ուղու հարցում աջակցելու և մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու իր հանձնառությանը: Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց բարեփոխումների համապարփակ օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը և փոխկապակցվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը»,-ասված է ԵՄ տարածած հայտարարության մեջ։

Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։  Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.96 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին մի քանի այլ քաղաքական ուժեր ևս։

Հայերեն English Русский Türkçe

Հայաստանի խորհրդարանական ընտրությունները մեծ հաջողություն դարձան երկրի անկախության համար. Զելենսկի

Քրտնաջան աշխատանքով բանակի ողնաշարը կարողացել ենք ուղղել. ԳՇ պետ

Զելենսկին «դրական զրույց» է ունեցել ԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆի և Քուշների հետ

OpenAI-ը հայտ է ներկայացրել իր բաժնետոմսերի հրապարակային առաջարկի համար՝ հետևելով Anthropic-ին

«Հայաստան» դաշինքը մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ է պահանջել

ԿԸՀ-ն հրապարակել է քվեարկության արդյունքների արձանագրությունների սկանավորված քաղվածքները

ՀՀ ՊԵԿ-ն Իրանից ժամանած բեռնատարում հայտնաբերել է չհայտարարագրված 143 կապ բնական մազ

«Հայաստան» դաշինքն ընտրությունների արդյունքները կվիճարկի Սահմանադրական դատարանում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ճեպազրույցը

Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ