ԵՄ-ն Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքները
5 րոպեի ընթերցում

Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Հայաստանում հունիսի 7-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներին։ Կառույցը բոլոր քաղաքական դերակատարներին կոչ է արել հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար օգտվել իրավական մեխանիզմներից։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տարածված հայտարարության մեջ Եվրոպական միությունը, մասնավորապես, շնորհավորել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատել քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։
«Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին»,-ասված է հայտարարության մեջ:
ԵՄ-ն, հղում կատարելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության նախնական եզրակացություններին, նշել է, որ թեև նախընտրական քարոզարշավը խիստ բևեռացված էր, ընտրությունները կառավարվել են ներառական եղանակով, առաջարկվել են հստակ քաղաքական այլընտրանքներ և լավ կազմակերպված են եղել՝ իրավական շրջանակներում:
«Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների և շարունակական հիբրիդային հարձակումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այդուհանդերձ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը բարեփոխումների ճանապարհին: Դրանք նաև ընդգծեցին հայ ժողովրդի հավատարմությունը եվրոպական արժեքներին, խաղաղ քաղաքական մասնակցությանը և կայուն, անվտանգ ու բարեկեցիկ ապագայի ձգտմանը»,-նշել են ԵՄ-ում:
Հաղորդվում է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հայտարարված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը:
«Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ցանկացած ընտրական բողոք հասցեագրելու համար:
ԵՄ-ն ամուր կանգնած է Հայաստանի և նրա ժողովրդի կողքին և հավատարիմ է մնում Հայաստանին իր ժողովրդավարական ուղու հարցում աջակցելու և մեր գործընկերությունն էլ ավելի խորացնելու իր հանձնառությանը: Մենք ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը Հայաստանի ապագա կառավարության և խորհրդարանի հետ՝ իրականացնելու նրանց բարեփոխումների համապարփակ օրակարգը, խթանելու տարածաշրջանային խաղաղությունը, տնտեսական աճը և փոխկապակցվածությունը՝ ամրապնդելու Հայաստանի ինքնիշխանությունը, դիմակայունությունը, ժողովրդավարությունը և բարգավաճումը»,-ասված է ԵՄ տարածած հայտարարության մեջ։
Հայաստանում հունիսի 7-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը իր ստացած ձայների շնորհիվ խորհրդարանում մեծամասնություն կստանա և կձևավորի կառավարություն, ինչպես նաև՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Նախնական տվյալներով խորհրդարան անցնելու անցողիկ շեմին՝ 4 տոկոսին շատ մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 3.96 տոկոսով։ ԲՀԿ-ն արդեն իսկ հայտարարել էր, որ դիմելու է ԿԸՀ մի շարք ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելու համար։ Վերահաշվարկի անհրաժեշտության մասին հայտարարել էին մի քանի այլ քաղաքական ուժեր ևս։