Իրան

Իրանի նախագահը և խորհրդարանի խոսնակը հայտարարել են երկրում միասնության մասին՝ ի պատասխան Թրամփի մեկնաբանությունների

2 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը և խորհրդարանի խոսնակը հայտարարել են երկրում միասնության մասին՝ ի պատասխան Թրամփի մեկնաբանությունների

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն արձագանքել են ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն պնդումներին, թե Իրանում «ներքին պայքար» է ընթանում «կոշտ գծի» կողմնակիցների և «չափավորների» միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իրանցի պաշտոնյաները գրառումներ են կատարել X սոցիալական հարթակում։

«Իրանում չկան «կոշտ գծի» կողմնակիցներ կամ «չափավորներ»։ Մենք բոլորս իրանցիներ ենք և հեղափոխականներ։ Ազգի և պետության անսասան միասնությամբ և Գերագույն առաջնորդին հնազանդությամբ մենք ագրեսորին կստիպենք զղջալ», - նշված է ինչպես Փեզեշքիանի, այնպես Ղալիբաֆի առանձին գրառումների մեջ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը Truth Social-ում գրել էր, թե Իրանը «մեծ դժվարություններ ունի»՝ հասկանալու, թե «ով է իր առաջնորդը»։

«Նրանք պարզապես չգիտեն։ Պարզապես խելագարություն է ներքին պայքարը, որ ընթանում է մարտադաշտում մեծ պարտություն կրած «կոշտ գծի» կողմնակիցների և «չափավորների» միջև, որոնք այդքան էլ չափավոր չեն, բայց սկսում են հարգանք վայելել», - նշել էր Թրամփը։

Նույն գրառման մեջ նա հավելել էր, որ ամերիկյան ուժերը կշարունակեն վերահսկողության տակ պահել Հորմուզի նեղուցը մինչև իրանական կողմի հետ համաձայնագրի կնքումը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում