7 րոպեի ընթերցում
Doing Digital Forum-ը վերադառնում է. արդեն չորրորդ տարին անընդմեջ այն համախմբում է ոլորտի տեղական ու միջազգային առաջատար փորձագետներին, բիզնեսի ներկայացուցիչներին և պետական հատվածի պատասխանատուներին:
Այս տարի այն կանցկացվի Երևանում, ապրիլի 8-ին «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրի ներքո։
Doing Digital Forum-ի հիմնադիր և SPRING PR ընկերության համահիմնադիր Տաթևիկ Սիմոնյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց, որ արդեն չորրորդ տարին անընդմեջ նման մասշտաբային միջոցառման կազմակերպումը մեծ պատասխանատվություն է, քանի որ այն դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային և միջազգային նշանակության իրադարձություն։ Նրա խոսքով՝ առաջին տարում ֆորումն ավելի շատ ուղղված էր թվային փոխակերպման կարևորության բացատրությանը, իսկ այսօր այն վերածվել է հարթակի, որը ոչ միայն միավորում է մասնակիցներին, այլև ձևավորում է օրակարգ։

Սիմոնյանը նշեց, որ տարիների ընթացքում ֆորումը էվոլյուցիա է ապրել․ եթե սկզբում ուշադրությունը կենտրոնացած էր հիմնարար գիտելիքների փոխանցման վրա, ապա այժմ քննարկվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային արդիական թեմաներ։ Նրա խոսքով՝ այս տարվա խորագիրը՝ «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները», պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանը աստիճանաբար դիրքավորվում է որպես կամուրջ տարբեր տնտեսությունների և տեխնոլոգիական համակարգերի միջև։
Խոսելով ձեռքբերումների մասին՝ Սիմոնյանը նկատեց, որ ֆորումը նպաստել է Հայաստանի՝ որպես թվայնացման և տեխնոլոգիական հաբի դիրքավորմանը։
«Եթե առաջին տարիներին դժվար էր միջազգային ընկերություններին ներգրավել, ապա այժմ իրավիճակը փոխվել է․ բազմաթիվ խոսնակներ արդեն իրենք են դիմում մասնակցության համար։ Ֆորումին մասնակցում են այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են Visa-ն, Amazon-ը, Alipay-ը, պետական կառույցներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Այս տարվա ֆորումի հիմնական թեմաներից առանձնացվում են արհեստական բանականությունը, ֆինթեքը, իրական տնտեսության հարցերն ու կրթության ոլորտում տեխնոլոգիական զարգացումները»,- ասաց նա:
Սիմոնյանի խոսքով՝ արհեստական բանականությունն արդեն դիտարկվում է ոչ թե պարզապես որպես գործիք, այլ որպես տնտեսության լիարժեք մասնակից, որը ներգրավված է տարբեր բիզնես գործընթացներում։
Ֆորումի շրջանակում նախատեսվում են ելույթներ տարբեր երկրներից ժամանած փորձագետների կողմից։ Սիմոնյանը նշեց, որ խոսնակները ներկայացնում են ավելի քան յոթ երկիր՝ ընդգրկելով տարբեր մայրցամաքներ և ոլորտներ։ Մասնավորապես, քննարկվելու են արհեստական բանականության ազդեցությունը բիզնեսի վրա, վճարային համակարգերի զարգացումը, ինչպես նաև տնտեսությունների թվային վերափոխումը։
«Ֆորումի օրակարգը կառուցվում է այնպես, որ չկան առանձնացված «ֆավորիտ» թեմաներ․ բոլոր ուղղությունները հավասարապես կարևոր են։ Քննարկումները սկսվում են ելույթներով, ապա շարունակվում ոլորտային խորքային քննարկումներով՝ իրական տնտեսության ներկայացուցիչների մասնակցությամբ»,- ասաց նա:
Սիմոնյանը կարևորեց նաև պետական կառույցների ներգրավվածությունը՝ ընդգծելով, որ պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը կարևոր ազդակ է բիզնեսի և ներդրողների համար։ Նրա խոսքով՝ կարգավորումն ու նորարարությունը հակասական չեն, այլ կարող են զարգանալ զուգահեռ՝ ապահովելով վստահելի և կայուն միջավայր։
Անդրադառնալով արհեստական բանականության ազդեցությանը՝ Doing Digital Forum-ի հիմնադիրը նշեց, որ ամենասպասվածն արհեստական բանականության և մարդկային ռեսուրսների փոխհարաբերությանը վերաբերող ելույթներն են լինելու։
Տաթևիկ Սիմոնյանը մեջբերեց որոշ հետազոտություններից արդյունքներ, որոնք ցույց են տալիս, թե որքան մեծ է արհեստական բանականության կիրառությունը տարբեր բիզնես գործընթացներում։ Այս թեմայով The Economist-ի վերջին զեկույցը, որը հիմնված էր 147 տնտեսությունների աշխատունակ բնակչության շրջանում Microsoft-ի տվյալների վրա, վկայում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների, Սինգապուրի, Նորվեգիայի, Իռլանդիայի բնակիչները ԱԲ-ի ամենաակտիվ կիրառողներն են։ ԱՄՆ-ն և Չինաստանն առաջատար են տեխնոլոգիայի մշակման գործում, սակայն նրանք չեն, որ ամենաարագն են որդեգրում այն:
Նա նկատեց, որ արհեստական բանականությունը հնարավորություն է տալիս մարդկանց կենտրոնանալ ստեղծարար և ռազմավարական աշխատանքների վրա՝ ավտոմատացնելով առօրյա գործընթացները։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ ոլորտում առկա են նաև էթիկական հարցեր, որոնք պահանջում են քննարկում։
«Աշխարհաքաղաքական և տնտեսական մարտահրավերները, չնայած բարդություններին, ստեղծում են նաև նոր հնարավորություններ. Հայաստանը, ունենալով մարդկային ներուժ և զարգացող տեխնոլոգիական միջավայր, կարող է դառնալ կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև»,- ասաց նա:
Նախատեսվում են նոր նախագծեր և տարածաշրջանային ընդլայնում՝ նշեց Սիմոնյանը, խոսելով ֆորումի ապագայից. «Արդեն իրականացվել են փոքր ձևաչափի միջոցառումներ այլ երկրներում, և հետագայում հնարավոր է ֆորումը կազմակերպել նաև Հայաստանի սահմաններից դուրս՝ պահպանելով Երևանը որպես հիմնական հարթակ»:
Doing Digital Forum-ին կարող են մասնակցել թվային փոխակերպմամբ հետաքրքրված բոլոր մասնագետները, ընկերությունները և կազմակերպությունները։ Տոմսերը հասանելի են ֆորումի պաշտոնական կայքում, իսկ միջոցառումը կանցկացվի ապրիլի 8-ին, «Դվին» համալիրում։
Ֆորումի կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է։ DDF26-ի Ինովացիոն գործընկերը Visa-ն է, Թվային ինքնության գործընկերը՝ imID-ն, Բլոքչեյն գործընկերը aeda-ն է, Արդյունաբերական փոխակերպման գործընկերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, իսկ Freedom Broker-ը ներդրումային գործընկերն է։
