Հայաստանը կարող է դառնալ Ասիան և Եվրոպան կապող կարևոր ցամաքային հանգույց․ չինացի փորձագետ

14 րոպեի ընթերցում

Չինաստանի «China Briefing» տեղեկագրի հիմնադիր, քաղաքական և տնտեսական վերլուծաբան Շեն Շիվեյը «Արմենպրես»-ի թղթակցի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-չինական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, տնտեսական համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի դերակատարությանը տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ նախագծերում։

Նրա գնահատմամբ՝ 2025 թվականին երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը երկկողմ հարաբերությունները բարձրացրել է նոր մակարդակի և ամուր հիմք ստեղծել առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության խորացման համար։

-Ի՞նչպես եք գնահատում հայ–չինական հարաբերությունների ներկա վիճակը, մասնավորապես ՝ առևտրի, ներդրումների և տնտեսական համագործակցության ոլորտում:

-Հայ-չինական հարաբերությունները հասել են պատմական նոր առավելագույնին, որը նշանավորվել է 2025 թվականին ռազմավարական գործընկերություն հաստատելու երկու երկրների միաձայն որոշմամբ: Այս կարևոր հանգրվանը նոր մակարդակի է բարձրացնում երկկողմ հարաբերությունները և հստակ ռազմավարական ուղղություն է ապահովում առևտրա-ներդրումային և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման համար՝ ամուր քաղաքական հիմք դնելով կայուն և երկարաժամկետ գործնական համագործակցության համար:

-Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերը, ըստ Ձեզ, չինական ընկերությունների և ներդրողների հետ համագործակցության ամենամեծ ներուժն ունեն:

-Հայաստանը մեծ ներուժ ունի ներդրումներ կատարելու և բիզնեսը զարգացնելու համար գյուղատնտեսական տեխնոլոգիաներ արտադրող չինական ձեռնարկություններին ներգրավելու համար, ինչը կօգնի արագացնել Հայաստանի գյուղատնտեսության արդիականացումը: Առաջնահերթ ոլորտները ներառում են նաև ենթակառուցվածքները, տրանսպորտը և լոգիստիկան՝ կապի խնդիրները լուծելու համար, ինչպես նաև վերականգնվող էներգիան և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը:

-Ի՞նչպես եք գնահատում տարածաշրջանային կապերի բարելավմանն ուղղված Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Հայաստանի հետ համագործակցության պոտենցիալ ոլորտներ տեսնո՞ւմ եք: 

-«Խաղաղության խաչմերուկ»-ը կառուցողական նախաձեռնություն է, որը համապատասխանում է տարածաշրջանային փոխկապակցվածության վերաբերյալ Չինաստանի պատկերացումներին: Չինաստանը աջակցում է այս նախաձեռնությանը և համագործակցության մեծ ներուժ է տեսնում, հատկապես տրանսպորտային ենթակառուցվածքների, միջսահմանային լոգիստիկայի և մաքսային ընթացակարգերի պարզեցման ոլորտներում: Դա կարող է օգնել Հայաստանի աշխարհագրական դիրքը կապել «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ՝ նպաստելով Եվրասիայի հետ փոխգործակցության բարելավմանը։

-Արդյոք տեսնո՞ւմ եք Հայաստանի համար դերակատարություն չինական «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունում, մասնավորապես, տարածաշրջանային տրանսպորտային և լոգիստիկ ցանցերում:  

-Անշուշտ։ Լինելով «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության առաջին աջակիցներից մեկը՝ Հայաստանը կարող է զգալիորեն օգուտ քաղել տրանսպորտային հաղորդակցության բարելավումից։ Շնորհիվ Չինաստանի մասնակցության այնպիսի ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսին է Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, Հայաստանը կարող է դառնալ առանցքային ցամաքային հանգույց` նպաստելով Ասիայի և Եվրոպայի միջև մուլտիմոդալ տրանսպորտային կապերի օպտիմալացմանը։

-Կարո՞ղ է արդյոք Հայաստանը դառնալ հուսալի տարանցիկ գործընկեր Ասիան և Եվրոպան կապող Միջին միջանցքի համատեքստում:  

-Այո: Բարելավված տրանսպորտային ենթակառուցվածքի և կայուն քաղաքական միջավայրի շնորհիվ Հայաստանը կարող է դառնալ հուսալի տարանցիկ գործընկեր: Դա կարող է օգնել դիվերսիֆիկացնել Միջին միջանցքի երթուղիները և բարձրացնել Եվրասիական լոգիստիկայի ընդհանուր կայունությունը։

-Ի՞նչ գործոններ կարող են նպաստել առաջիկա տարիներին Հայաստանում չինական ներդրումների ավելացմանը: 

-Հիմնական գործոններն են ներդրումային միջավայրի հետագա բարելավումը, վարչական և մաքսային ընթացակարգերի պարզեցումը, «Գոտի և ճանապարհ»-ի և Հայաստանի զարգացման ռազմավարությունների միջև քաղաքականության համակարգման ուժեղացումը, ինչպես նաև միջսահմանային առևտրի ծախսերի նվազեցման համար փոխգործակցության բարելավումը: Ավելի լավ մուտքը դեպի հարևան և տարածաշրջանային շուկաներ նույնպես կգրավի ավելի շատ չինացի ներդրողների:

-Ի՞նչ եք կարծում Հայաստանն ունի՞ չինացի զբոսաշրջիկների համար գրավիչ վայր դառնալու  ներուժ: Ո՞ր քայլերը կարող են նպաստել երկու երկրների միջև զբոսաշրջության զարգացմանը:

-Այո: Հայաստանի պատմական ժառանգությունը, բնական լանդշաֆտները և յուրահատուկ մշակույթը շատ գրավիչ են չինացի զբոսաշրջիկների համար: Վիզաներից փոխադարձ ազատման համաձայնագիրը և երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթներն ամուր հիմք են դրել։ Երկկողմ զբոսաշրջությունն էլ ավելի խթանելու համար Հայաստանը պետք է ինտեգրի իր սեփական զբոսաշրջային ռեսուրսները հարևան երկրների ռեսուրսների հետ, որոնք նաև վիզային արտոնություններ են առաջարկում Չինաստանի քաղաքացիներին, ստեղծի յուրահատուկ ապրանքանիշեր և ձևավորի զբոսաշրջային պրոդուկտների ավելի որակյալ կլաստեր: Բացի այդ, չինական զբոսաշրջային հարթակներում հետագա առաջխաղացումը և զբոսաշրջային ծառայությունների բարելավումը նույնպես կօգնեն խթանել երկկողմ զբոսաշրջությունը:

-Ինչպե՞ս կարող է Հայաստանն ավելի շատ ներգրավել չինական ընկերություններին, հատկապես փոքր և միջին ձեռնարկություններին:  

-Հայաստանը կարող է ավելի շատ ներգրավել չինական փոքր և միջին ձեռնարկություններին ՝ տրամադրելով պարզեցված գրանցում, հստակ ներդրումային քաղաքականություն և հասցեական աջակցություն լոգիստիկայի և շուկաների հասանելիության ուղղությամբ: Գործարար կապեր հաստատելու միջոցառումների անցկացումը և հաջող համագործակցության փորձի փոխանակումը նույնպես կօգնեն վստահություն ստեղծել չինական ձեռնարկությունների շրջանում:

-Ինչպե՞ս  եք  գնահատում Հայաստանի հնարավորությունները Եվրոպայի և Ասիայի միջև տարածաշրջանային տնտեսական ինտեգրման գործում:  

-Հայաստանը կարող է դառնալ Եվրասիական տնտեսական ինտեգրման կարևոր օղակ: Բարելավելով տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունը՝ Հայաստանը կարող է նպաստել Եվրոպայի և Ասիայի միջև ապրանքների, կապիտալի և անձնակազմի ավելի արդյունավետ տեղաշարժին՝ աջակցելով տարածաշրջանային ավելի սերտ տնտեսական համագործակցությանը:  

-Հայաստան-Չինաստան համագործակցությունը, ըստ Ձեզ, ո՞ր ոլորտներում է առավել զարգանալու առաջիկա տարիներին:

-Ենթակառուցվածքները, լոգիստիկան և կապը կմնան աճի առանցքային ոլորտներ, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են Հայաստանի զարգացման խնդիրների հետ: Զբոսաշրջությունը, մշակութային փոխանակումները և գյուղատնտեսական համագործակցությունը նույնպես անշեղորեն կընդլայնվեն։  

-Չինաստանն աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է: Որքանով է կարևոր Հարավային Կովկասի տարածաշրջանը, այդ թվում՝ Հայաստանը Չինաստանի երկարաժամկետ տնտեսական ռազմավարության համար:

-Հարավային Կովկասի տարածաշրջանը՝ ներառյալ Հայաստանը, ռազմավարական նշանակություն ունի Չինաստանի երկարաժամկետ տնտեսական ռազմավարության և այլ երկրների հետ նրա կապերի առումով: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող Հարավային Կովկասի երկիր է, և արտաքին աշխարհաքաղաքական և տնտեսական միջավայրը զգալի խնդիրներ է ստեղծում նրա զարգացման համար: Տրանսպորտային բարձր ծախսերը շարունակում են մնալ Հայաստանի արտաքին առևտրի հիմնական զսպող գործոնը, այդ թվում ՝ Չինաստանի հետ։ «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությունը կարևոր հնարավորություններ է ընձեռում Հայաստանի տնտեսական զարգացման համար: Այն կարող է օգնել Հայաստանին մոտեցնել Չինաստանի և ԵՄ երկու հիմնական շուկաները և արտադրական բազաները, նվազեցնել միջազգային առևտրի ծախսերը և աջակցել Հայաստանի ինտեգրմանը համաշխարհային տնտեսական շրջանառության մեջ՝ որպես բաց և դիվերսիֆիկացված գործընկեր: Դիվերսիֆիկացված միջազգային տնտեսական համագործակցության և տարածաշրջանային տնտեսական ինտեգրման շարունակումը կնպաստի Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը:

-Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժ տեսնո՞ւմ եք այնպիսի բարձր տեխնոլոգիական ոլորտներում, ինչպիսիք են արհեստական բանականությունը, թվային տնտեսությունը կամ նորարարությունը:

-Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցության ներուժը բարձր տեխնոլոգիական ոլորտում պետք է կենտրոնանա առաջնահերթ կրթության ոլորտում համագործակցության վրա: Հայաստանը պետք է օգտվի ռազմավարական հնարավորությունից, քանի որ Չինաստանն իր 15-րդ հնգամյա ծրագրում առաջնահերթ ուշադրություն է դարձնում ապագայի ոլորտների զարգացմանը։ Հայաստանը պետք է ձևակերպի համապատասխան աջակցության քաղաքականություն և ավելացնի Չինաստան ուղարկվող ուսանողների թիվը ՝ գիտական և տեխնոլոգիական նորարարությունները լավագույն պրակտիկայում ուսումնասիրելու համար: Նման կրթական և գործնական համագործակցությունը ամուր հիմք կդնի երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության երկարաժամկետ զարգացման համար:

-Ի՞նչ դեր կարող են ունենալ կրթական և մշակութային փոխանակումները հայ–չինական հարաբերությունների ամրապնդման գործում: 

-Կրթական և մշակութային փոխանակումները Չինաստանի և Հայաստանի միջև փոխվստահության և բարեկամության հիմքն են և անփոխարինելի դեր են խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում: Չինաստանը արագ զարգանում է՝ անընդհատ առաջընթաց գրանցելով տարբեր ոլորտներում, և որքանով ես տեղյակ եմ, ներկայում Հայաստանում գտնվող Չինաստանի քաղաքացիների թիվը դեռևս համեմատաբար փոքր է, ինչը նշանակում է ապագայում երկու երկրների մարդկանց միջև փոխանակումների հսկայական ներուժ կա: Ներկայում  Չինաստանն ակտիվորեն զարգացնում է ապագա արդյունաբերությունները, և խորը կրթական և մշակութային փոխանակումները կօգնեն հայ ժողովրդին ավելի լավ հասկանալ Չինաստանի զարգացումը, ըմբռնել Չինաստանի ապագա արդյունաբերական զարգացման ընձեռած հնարավորությունները և հետագայում ամուր սոցիալական հիմք դնել Չինաստան-Հայաստան հարաբերությունների երկարաժամկետ, առողջ և կայուն զարգացման համար։ - Հայաստանում կա՞ն խոշոր ենթակառուցվածքային կամ լոգիստիկ նախագծեր, որոնք կարող են հետաքրքրել չինական ընկերություններին: 

-Չինական ընկերություններին իրենց խոշոր ենթակառուցվածքային և լոգիստիկ նախագծերում ներգրավելու համար Հայաստանը նախ պետք է ուժեղացնի իր գովազդային գործունեությունը Չինաստանում: Ներկայում չինացի ներդրողները այնքան էլ ծանոթ չեն Հայաստանին։  Հայաստանի մասին նրանց տեղեկությունների մեծ մասը գալիս է միջազգային խոշոր լրատվամիջոցներից, ինչը լուրջ աջակցություն չէ օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում։  

-Ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել հայ ժողովրդին և հայ գործարար համայնքին Չինաստանի հետ հետագա համագործակցության վերաբերյալ:  

-Առաջիկա հինգ տարիների ընթացքում Չինաստանը կշարունակի օգտագործել իր գերխոշոր բաց շուկայի առավելությունները, ինչը արժեքավոր հնարավորություն է Հայաստանի համար: Մենք հրավիրում ենք ավելի ու ավելի շատ հայ ընկերների այցելել Չինաստան՝ ուսումնասիրության և զբոսաշրջային նպատակներով, անձամբ ծանոթանալ Չինաստանի զարգացմանը և սերտ կապեր հաստատել չինացի գործընկերների հետ: Հրավիրում ենք ձեզ ակտիվորեն մասնակցել Չինաստանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային ցուցահանդեսներին, ինչպիսիք են Չինաստանի միջազգային ներմուծման ցուցահանդեսը (CIIE), Չինաստանի ծառայությունների առևտրի միջազգային ցուցահանդեսը (CIFTIS), Կանտոնի տոնավաճառը (Canton Fair) և Էներգետիկայի միջազգային համաժողովը (CICPE)՝ չինացի ժողովրդին ցուցադրելու Հայաստանի շահավետ արդյունաբերություններն ու որակյալ արտադրանքը, ինչպես նաև ուսումնասիրելու համագործակցության հնարավորությունները: Մենք ողջունում ենք Հայաստանի ակտիվ մասնակցությունը «Գոտի և Ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը և համագործակցության նոր ուղղությունների զարգացումը օդատիեզերական, բարձր տեխնոլոգիաների, թվային տնտեսության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում: Լիահույս ենք, որ բարձրորակ գյուղմթերքի, զբոսաշրջային և արդյունաբերական ապրանքների հայաստանյան արտադրողները կօգտվեն այս հնարավորությունից, կխորացնեն համագործակցությունը չինացի գործընկերների հետ և դուրս կգան չինական ընդարձակ շուկա: Չինաստանը միշտ կլինի հուսալի և անկեղծ գործընկեր, որը ձգտում է փոխշահավետ համագործակցության:

 Կարեն Խաչատրյան

Հայերեն English Русский

Շվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համար

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա

Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Քաղաքական առումով որոշումը կայացված է. Ռուբինյանն անդրադարձել է ԱԺ նախագահի պաշտոնում իր թեկնածությունը հաստատելու որոշմանը

Դատախազությունը Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

ԱԺ նախագահի պաշտոնում ՔՊ-ի թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, թե որքան ժամանակ Վենեսուելայում երկրաշարժից հետո կշարունակվեն հետցնցումները

Լեհաստանի վարչապետն ասել է, որ Եվրոպայի ապագան պետք է կառուցվի ճշմարտության և փոխադարձ հարգանքի վրա