Հայաստանի ու Նորվեգիայի միջև քաղաքական խորհրդակցություններ են անցկացվել
3 րոպեի ընթերցում

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Հայաստանի Հանրապետության և Նորվեգիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Նորվեգիայի ԱԳ նախարարության պետքարտուղար Էյվին Վադ Պետերսոնի գլխավորությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են վերջին տարիներին Հայաստանի և Նորվեգիայի միջև շարունակաբար ընդլայնվող քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները՝ երկուստեք նշելով դրանց շարունակական ամրապնդման փոխադարձ պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ ոլորտային համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցերի, այդ թվում՝ տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կիբեռանվտանգության ոլորտներում փոխգործակցությանը, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցության խորացմանը։
Ընդգծվել է Նորվեգիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցությունը՝ հատկապես հումանիտար կարիքների հասցեագրման և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտում ՀՀ կարողությունների զարգացման ուղղությամբ։
Կարևորվել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնումն ու հնարավորությունների լավագույն իրացումը և ընդգծվել Նորվեգիայի սերտ գործընկերությունը ԵՄ-ի հետ՝ որպես կարևոր ուղենիշ ՀՀ-ԵՄ գործընկերության ապագա խորացման համար։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է Հայաստան-Նորդիկ-Բալթիկ երկրներ ձևաչափի շրջանակներում համագործակցության հետագա խորացման կարևորությունը:
Քննարկվել են ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) վերաբերող հարցեր:
Մտքեր են փոխանակվել միջազգային կարևորություն ունեցող մի շարք հարցերի շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը զրուցակցին է ներկայացրել տարածաշրջանային ընթացիկ զարգացումները՝ այս համատեքստում նաև ներկայացնելով վաշինգտոնյան համաձայնություններից հետո Հարավային Կովկասում ընթացող դրական դինամիկան:
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին, միջազգային օրակարգի՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի: