Քաղաքականություն

ԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

ԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում. Փաշինյան

Եվրամիությունը Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում Լեհաստանում օտարերկրյա դեսպանների, դիվանագետների և վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը կոնկրետ ի՞նչ աջակցություն է ակնկալում Եվրամիությունից և ի՞նչ կարող է անել Եվրամիությունը, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղությունը լինի հարատև։

«Մենք 2022 թվականից սկսած՝ ունենք շատ կոնկրետ աջակցություն Եվրամիությունից։ Ինչպես արդեն ասել եմ,  Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում եղել և մնում է շատ կարևոր։ Վերջին տարիներին մենք համագործակցում ենք Եվրամիության հետ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգի հիման վրա, կարծում եմ, որ Եվրամիությունը Հայաստանի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում։  Անցյալ տարի մեր խորհրդարանում ընդունվեց օրենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին։ Այդ օրենքը շատ կարևոր խթան է մեզ համար՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»,- ասել է Փաշինյանը։   

Վարչապետը հավելել է, որ հիմա Հարավային Կովկասում նոր հնարավորություններ են ի հայտ գալիս։ « Եվ մենք քննարկում ենք, թե ինչպես կարող է Եվրամիությունը ներգրավված լինել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման գործում։ Մենք հուսով ենք, որ ներդրումներ կգան Եվրամիությունից և անդամ պետություններից։ Մենք կենտրոնանում ենք Հայաստանի համար նոր հնարավորություններ գտնելու վրա, որպեսզի խորացնենք հարաբերությունները Եվրամիության և անդամ պետությունների հետ տարբեր ոլորտներում՝ տնտեսությունից մինչև ժողովրդավարական բարեփոխումների օրակարգ, մինչև պաշտպանության և այլն։ Մենք շնորհակալ ենք, որ վերջին տարիներին Հայաստանը մասնակցել է Եվրոպական խաղաղության հիմնադրամի ծրագրին, որի շրջանակում մենք Եվրամիության հետ համագործակցություն ենք սկսել պաշտպանության բնագավառում»,- ընդգծել է ՀՀ վարչապետը։

Նա հավելել է, որ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանությունը և զարգացումը շատ կարևոր է, և Հայաստանի կառավարությունն այդ ուղղությամբ էլ է համագործակցում Եվրամիության հետ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում