Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետին է ներկայացվել Լեհաստանի ազգային գրադարանում պահվող Սկևռայի հայկական Ավետարանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարշավայում այցելել է Հանրապետության պալատում գտնվող Լեհաստանի ազգային գրադարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ գրադարանի տնօրեն Տոմաշ Մակովսկիի ուղեկցությամբ շրջայցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է գրադարանի ժառանգությանը:

Ազգային գրադարանում մշտական ցուցադրության է ներկայացված Սկևռայի Ավետարանը՝ 1197 թվականի մագաղաթե ձեռագիր մատյանը, որի նկարազարդումները պատկանում են Գրիգոր Սկևռացուն, իսկ գրքի պատվիրատուն է եղել Ներսես Լամբրոնացին: Ըստ ձեռագրի հիշատակարանի՝ այն ստեղծվել է հայոց թվագրության 647 թվականին, այսինքն՝ 1198/1199 թթ․, Ռուբինյանների տոհմից թագավոր Լևոն Ա-ի և կաթողիկոս Գրիգոր Զ Ապիրատի իշխանության ժամանակ։

Նշվել է, որ 1997 թվականին Ավետարանի հայկական ինքնությունը հաստատելուց և անհրաժեշտ թույլտվությունները ստանալուց հետո ձեռագիրը փոխանցվել է Լեհաստանում հայկական ծեսի հավատացյալների օրդինարիոսին՝ կարդինալ Յոզեֆ Գլեմպին։ 2006թ. լեհ արքեպիսկոպոս Պրիմաս Գլեմպը, արձագանքելով լեհահայ համայնքի ներկայացուցիչների խնդրանքին, Ազգային գրադարանի տնօրենի հետ ստորագրել է համաձայնագիր, որի համաձայն Ավետարանը տրամադրվել է ի պահ գրադարանին և ներկայումս ներկայացված է ցուցադրության:

Լեհաստանի ազգային գրադարանում ներկայացված են նաև հայկական պատմական ժառանգությունը ներկայացնող այլ ցուցանմուշներ:

Կարդացեք հոդվածը` العربيةFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում