Բրիտանական AstraZeneca-ն 15 մլրդ դոլար կներդնի Չինաստանում դեղերի արտադրության մեջ

3 րոպեի ընթերցում

Բրիտանական դեղագործական AstraZeneca ընկերությունը հունվարի 29-ին հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Չինաստանում 15 միլիարդ դոլար կներդնի դեղերի արտադրությունը, հետազոտություններն ու մշակումները ընդլայնելու նպատակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ նկատելով, որ հայտարարությունն արվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի՝ Չինաստան կատարած այցի ժամանակ։

«AstraZeneca-ի ընդլայնումը և առաջատար դիրքը Չինաստանում կօգնեն բրիտանական արտադրողին շարունակել աճել՝ աջակցելով Մեծ Բրիտանիայում հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը», - ասել է Սթարմերը գործարքի վերաբերյալ։

Սթարմերը վերջին ութ տարվա ընթացքում դարձել է Մեծ Բրիտանիայի առաջին վարչապետը, ով այցելել է Չինաստան։ Պեկինում հունվարի 29-ին նա հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ և պատրաստակամություն հայտնել կառուցել երկկողմ հարաբերություններ՝ ուղղված աճի և անվտանգության խթանմանը։

«Չինաստանը համաշխարհային մակարդակով կենսական դերակատար է, և ծայրաստիճան կարևոր է, որ մենք կառուցենք ավելի բարդ հարաբերություններ, որտեղ կարող ենք հստակեցնել համագործակցության հնարավորությունները՝ թույլ տալով, իհարկե, իմաստալից երկխոսություն այն ոլորտներում, որտեղ մենք ունենք տարաձայնություններ»,- հանդիպման սկզբում Ծինփինին ասել է Սթարմերը։

Չինաստանի նախագահը, նշելով, որ երկկողմ հարաբերություններն ունեցել են և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, ընդգծել է, որ իրենք պատրաստակամ են զարգացնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն։ «Քանի դեռ մենք ավելի լայն ենք նայում աշխարհին, վեր ենք կանգնում տարբերություններից և հարգում ենք միմյանց, ապա կապացուցենք, որ ունակ ենք դիմակայել պատմության փորձությանը», - նշել է Ծինփինը։

Հանդիպման ավարտից հետո Սթարմերը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկկողմ հարաբերությունները լավ ու ամուր վիճակում են։ Լրագրողի հարցին, թե արդյոք Սի Ծինփինը մեկն է, ում հետ կարելի է բիզնես վարել, Սթարմերը պարզապես պատասխանել է․ «Այո»։

Նա Չինաստանի ղեկավարի հետ հանդիպումը բնութագրել որպես ջերմ և կառուցողական՝ հավելելով, որ հանդիպմանը զրուցել են նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի խոշոր ֆուտբոլային ակումբների մասին, որոնք Չինաստանում երկրպագուների մեծ բանակ ունեն։

Սթարմերը Ծինփինին նվիրել է Չինաստանի նախագահի սիրելի թիմի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և իր սիրելի թիմի՝ «Արսենալ»-ի միջև վերջերս կայացած խաղի գնդակը։

Հայերեն