6 րոպեի ընթերցում
Վերջերս Լոռու մարզում նկատված ազնվացեղ եղջերուի շուրջ առաջացած հանրային մեծ հետաքրքրությունն ու քաղաքացիների կողմից կենդանու հետ անմիջական շփման դեպքերը հիմք են հանդիսացել, որպեսզի այն կանխարգելիչ նպատակով տեղափոխվի «Դիլիջան» ազգային պարկ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստայան մասնաճյուղի, որոշումն ընդունվել և իրականացվել է WWF-Հայաստանի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության կողմից՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր վնասները, ինչպես նաև մարդու և վայրի կենդանու անվտանգության ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով։
Սոցիալական ցանցերում լայն տարածում են գտել տեսանյութեր և լուսանկարներ, որտեղ քաղաքացիները կերակրում են ազնվացեղ եղջերուին, մոտենում նրան, նկարահանվում կամ փորձում շփվել կենդանու հետ։ Մասնագետների գնահատմամբ՝ նման վարքագիծը խաթարում է կենդանու բնական վարքային մոդելները, ձևավորում մարդու կողմից սնվելու կախվածություն և կարող է լուրջ վտանգ ներկայացնել թե՛ կենդանու, թե՛ մարդու համար։ Վայրի կենդանին, անգամ խաղաղ և անվախ պահվածքի դեպքում, կարող է առանց դիտավորության վնաս հասցնել մարդուն, ինչն արդեն իսկ անվտանգության լուրջ խնդիր է։
«Ազնվացեղ եղջերուները բնույթով համեմատաբար խաղաղ և մարդամոտ կենդանիներ են, ուստի մարդու պատասխանատվության դերը առանձնահատուկ կարևոր է։ Մարդիկ պետք է խստորեն պահպանեն սահմանված կանոնները՝ չմոտենալ կենդանուն, չկերակրել և որևէ կերպ չմիջամտել նրա բնական կյանքին՝ ապահովելով ինչպես սեփական, այնպես էլ կենդանու անվտանգությունը», - ասել է WWF-Հայաստանի տնօրեն Լևոն Աղասյանը։
«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականին և իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։ Ծրագրի նպատակն է վերականգնել ազնվացեղ եղջերուի պոպուլյացիան Հայաստանում, որը լիովին վերացել էր դեռևս 1954 թվականին։ 2014 թվականին սկսվել է Ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնի կառուցումը «Դիլիջան» ազգային պարկում, որն ավարտվել է 2018 թվականին։ Նույն թվականին Հայաստան են տեղափոխվել 14 ազնվացեղ եղջերու Իրանից, և հենց այդ տարի էլ գրանցվել է առաջին ծնունդը բազմացման կենտրոնում։
2020–2022 թվականներին ծրագիրն անցել է նպատակային բազմացման փուլ, որի արդյունքում 2022 թվականին իրականացվել է առաջին փորձնական խմբի (երեք առանձնյակ) բնություն արձակումը Դիլիջանում։ 2024 թվականին այստեղ բաց է թողնվել ևս 10 ազնվացեղ եղջերու, իսկ 2025 թվականին 9 առանձնյակ առաջին անգամ վերաբնակեցվել է Լոռու մարզում՝ ազնվացեղ եղջերուի պատմական բնակավայրերից մեկում։ Ընդհանուր առմամբ, մինչ օրս բնություն է բաց թողնվել 22 ազնվացեղ եղջերու, որոնք արդեն սկսել են բազմանալ նաև բնական միջավայրում (կա 4 գրանցված ծնունդ արձակ բնության մեջ)։ Ներկայումս բազմացման կենտրոնում գտնվում է 23 առանձնյակ։ Փաստացի, ծրագրի ողջ ընթացքում սկզբնական 14-ից եղջերուների թիվը աճել է՝ հասնելով 49-ի։
Մասնագետների գնահատմամբ՝ պոպուլյացիայի լիարժեք և ինքնաբավ վերականգնման համար անհրաժեշտ է առնվազն 500 առանձնյակ բնության մեջ, ինչը պահանջում է երկարաժամկետ, հետևողական և խիստ վերահսկվող աշխատանք։
WWF-Հայաստանը հիշեցնում է, որ ազնվացեղ եղջերուների բազմացման և նախապատրաստման ամբողջ գործընթացը կազմակերպված է այնպես, որ մինչև բնություն բաց թողնվելը կենդանիները որևէ կերպ կախված չլինեն մարդկանցից։ Այդ նպատակով բազմացման կենտրոնում գործում է վեց ազատավանդակ, որոնցից միայն մեկն է տեսանելի հանրության համար՝ բացառապես ցուցադրական նպատակով։ Այդ ազատավանդակում պահվում են այն կենդանիները, որոնք տարբեր պատճառներով՝ կենսունակության պակասի, առողջական առանձնահատկությունների կամ այլ գործոնների հետևանքով, չեն կարող բաց թողնվել բնություն։ Մնացած ազատավանդակները փակ են հանրության համար և լիովին մեկուսացված են մարդու ներկայությունից։
Բնություն բաց թողնվելու համար ընտրված ազնվացեղ եղջերուները նախ անցնում են կարանտինային փուլ, ապա ձևավորվում են խմբեր, որոնց անդամները միասին են պահվում՝ հետագայում բնության մեջ միասնական մնալու նպատակով։ Վերջին վեց ամիսների ընթացքում այդ կենդանիները որևէ շփում չեն ունենում մարդկանց հետ և սնվում են բնական սննդային աղբյուրներից, որպեսզի բնություն բաց թողնվելու պահին նրանք լիովին ինքնուրույն լինեն և պատրաստ վայրի պայմաններին։
WWF-Հայաստանը և ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ են անում հանրությանը՝ պահպանել անվտանգության կանոնները։ Խնդրում և հորդորում ենք չմոտենալ ազնվացեղ եղջերուին, չփորձել դիպչել կամ կերակրել նրան, խուսափել բարձր ձայներից և հանկարծակի շարժումներից, իսկ երթևեկելիս կենդանուն նկատելու դեպքում նվազեցնել արագությունը՝ վթարներից խուսափելու համար։ Կարևոր է նաև իրազեկել այլոց հնարավոր հանդիպումների մասին, որպեսզի նվազագույնի հասցվի մարդու և վայրի կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը։
Ազնվացեղ եղջերուների տեղաշարժը վերահսկվում է ռադիովզկապով։ Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը գնահատվում է 15 մլն դրամ, ինչպես նաև կիրառվում են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։