Արսեն Թորոսյանը զգուշացնում է սոցիալական ցանցերում տարածվող կեղծ տեսանյութի մասին
2 րոպեի ընթերցում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ զգուշացնելով համացանցում, մասնավորապես՝ «ՏիկՏոկ»-ում տարածվող կեղծ տեղեկատվության մասին, որը վերաբերում է սոցիալական ոլորտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարը տեղեկացրել է, որ սոցիալական ցանցերում շրջանառվում է տեսանյութ, ըստ որի՝ իբր դեկտեմբերի 21-ից Հայաստանի 1949-2015 թվականներին ծնված քաղաքացիներին սոցիալական ֆոնդից գումարներ պետք է մուտքագրվեն պետությունից աջակցություն ստանալու համար։ Նրա խոսքով՝ նշված տեսանյութը ամբողջությամբ կեղծ է և ստեղծված է արհեստական բանականության միջոցով։
Արսեն Թորոսյանը նշել է, որ կեղծ տեսանյութը ակնհայտորեն պատրաստված է ոչ հայալեզու անձանց կողմից․ օգտագործված լեզուն և բառապաշարը բնորոշ չեն իրական հայերենին։ Ըստ նախարարի՝ նման տեսանյութերում կիրառվում են պետական պաշտոնյաների պատկերներ, ինչի արդյունքում քաղաքացիների հայտնվում են մոլորության մեջ, և նախարարությունը ստանում է հարյուրավոր զանգեր՝ իբր նախատեսվող օգնության վերաբերյալ։
«Իհարկե, մենք հերքում ենք այդ տեղեկատվությունը և արդեն իսկ պաշտոնական հերքում ենք տվել։ Սա կարելի է դիտարկել լայն տեղեկատվական գրոհի շրջանակում, որի նպատակն է քաղաքացիների շրջանում դժգոհություն գեներացնել կառավարության և պետության նկատմամբ»,- ասել է նախարարը։
Նա կոչ է արել քաղաքացիներին չտրվել մանիպուլյացիաներին, չհավատալ սոցիալական ցանցերում շրջանառվող չստուգված տեղեկություններին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց ու թափանցիկ կերպով տեղեկացնում է հանրությանը իր գործունեության վերաբերյալ։