Ռուսաստան

Ռուսաստանը չի դավաճանել Սիրիային, այնտեղ տեղի ունեցածը երկրի ներքին գործն էր․ Լավրով

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը չի դավաճանել Սիրիային, այնտեղ տեղի ունեցածը երկրի ներքին գործն էր․ Լավրով

Ռուսաստանը Սիրիայում ոչ մեկին չի դավաճանել. այնտեղ տեղի ունեցած իրադարձությունները Սիրիայի ներքին գործն էր։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Իրանի պետական ​​հեռուստատեսության և ռադիոհեռարձակման ընկերությանը տված հարցազրույցում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կայքում։

Նրա խոսքով՝ Մոսկվան ներկայում հարթ, կայուն հարաբերություններ ունի Սիրիայի նոր իշխանությունների հետ։ 

«Թող նրանք օրինակ բերեն, թե երբ են կարծում, որ Ռուսաստանը «լքել» է ինչ-որ մեկին»,- ընդգծել է Լավրովը՝ մեկնաբանելով պնդումներն այն մասին, թե Մոսկվան թիկունք է դարձրել իր գործընկերներից։ 

«Մենք սերտ հարաբերություններ ունեինք Բաշար ալ-Ասադի հետ։ Մենք օգնության հասանք նրա կառավարությանը 2015 թվականին, երբ Դամասկոսը գործնականում շրջապատված էր և կարող էր ընկնել ընդդիմության հարձակումների տակ։ 

Մենք այնտեղ ռազմական ներկայություն հաստատեցինք՝ ռազմաօդային և ռազմածովային բազա։ Մենք ակտիվորեն աշխատել ենք ահաբեկչական օջախների ոչնչացման ուղղությամբ։ Մենք համագործակցել ենք միջազգային հանրության այլ երկրների, առաջին հերթին՝ Իրանի և Թուրքիայի հետ։ Գործընթացը բավականին դրական էր»,- նշել է Լավրովը։ 

Նրա խոսքով՝ երբ մեկ տարի առաջ սկսվեցին Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները, Ռուսաստանն այնտեղ մարտական ​​ստորաբաժանումներ չուներ։  

«Մենք ունեինք երկու բազա՝ ռազմաօդային և ռազմածովային։ Ընդդիմության կողմից տարածքներ գրավելու արագությունը անսպասելի էր։ Գործնականում դիմադրություն չկար»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ իր երկիրն այժմ կապի մեջ է Սիրիայի նոր իշխանությունների հետ։

«Այս բոլոր շփումների ընթացքում մենք ընդգծում ենք սիրիական պետության միասնության պահպանման հիմնարար կարևորությունը։ Սա պահանջում է ազգային երկխոսություն, որը ներառում է ալավիներին, սունիներին, դրուզներին՝ բոլոր էթնիկ-կրոնական խմբերին»,- ընդգծել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում