Դավիթ Կարապետյանն ու Անդրեաս Ֆրիգանասը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հետագա խորացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարարության քաղաքական հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Անդրեաս Ֆրիգանասի հետ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերություններին, կարևորել են ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում Հայաստանի և Հունաստանի միջև համագործակցության հետագա խորացումը՝ այս համատեքստում ընդգծելով դեկտեմբերի 2-ին ստորագրված «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթի կարևորությունը:

«Կողմերը քննարկել են տնտեսական, գիտակրթական, մշակութային և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարները: Երկուստեք ընդգծվել է վաշինգտոնյան համաձայնությունների արդյունքում Հարավային Կովկասում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման և տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:  

Գերատեսչության փոխանցմամբ՝ Դավիթ Կարապետյանը և Անդրեաս Ֆրիգանասը քննարկել են նաև ժողովրդավարական զարգացման ճանապարհին հանդիպող մարտահրավերների արդյունավետ հաղթահարման և այս համատեքստում ՀՀ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գալիք տարվա մայիսին Երևանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Հայերեն English فارسی ქართული Русский Türkçe