Քաղաքականություն

Հայաստանն ակնկալում է ԵՄ կոնկրետ ներդրումներն ու մասնակցությունը TRIPP նախագծում․ ՀՀ վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ակնկալում է ԵՄ կոնկրետ ներդրումներն ու մասնակցությունը TRIPP նախագծում․ ՀՀ վարչապետ

Հայաստանն ակնկալում է Եվրամիության կոնկրետ ներդրումային ծրագրերն ու մասնակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ում, այդ թվում՝ TRIPP («Թրամփի ուղի») նախագծում։

Կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգ» փաստաթղթով «Խաղաղության խաչմերուկ» նախագծում նախատեսվող ներդրումների վերաբերյալ «Արմենպրես»-ի թղթակցի հարցին։

«ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության օրակարգի հաստատումը կարևոր փոփոխություն ու զարգացում է հարաբերություններում: Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա վաշինգտոնյան համաձայնություններից հետո և TRIPP նախագծի հայտարարությունից հետո ներդրումային հետաքրքրությունը ՀՀ-ի նկատմամբ էականորեն մեծացել է, և մենք, բնականաբար, շահագրգռված ենք, որ այդ թվում՝ ԵՄ-ն, ենթակառուցվածքային ծրագրերին  ունենա շատ կոնկրետ մասնակցություն ու ներկայություն։ ԵՄ-ի հետ մեր հետագա հարաբերությունները խորանալու են, զարգանալու են, և, իհարկե, «Խաղաղության խաչմերուկ»-ում, այդ թվում՝ TRIPP նախագծի շրջանակներում մենք ակնկալում ենք ԵՄ-ի կոնկրետ ներդրումային ծրագրերն ու մասնակցությունը»,-նշեց Փաշինյանը։  

Նրա խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտով, այլ ավելի լայն համատեքստ ունի։

Վարչապետը հիշեցրեց, որ տարիներ առաջ ԵՄ-ն բարձրաձայնել է Հայաստանին 2,6 միլիարդ եվրոյի չափով աջակցություն ցուցաբերելու մասին։ Ըստ Փաշինյանի՝ այդ շրջանակներում արդեն ավելի քան 500 միլիոն եվրո ներդրումներ են կատարվել, այդ թվում՝ բանկային համակարգի միջոցով մասնավոր հատվածի վարկավորմամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում