Քննարկվել են Հայաստանում Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների խորհրդատվական ֆորումի կազմակերպման հարցերը

4 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղար Ռուի Գոմեշին։ Նա Հայաստան է ժամանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման և պաշտպանության մասին» կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված «Մշակութային խաչմերուկ» միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ 

«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների 15-րդ ամենամյա խորհրդատվական ֆորումի, ինչպես նաև կառավարչական խորհրդի ոչ պաշտոնական նիստի կազմակերպմանը վերաբերող հարցեր։

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով հյուրին, շնորհակալություն է հայտնել համագործակցության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը խորացնելու և ընդլայնելու համագործակցությունը Եվրոպայի խորհրդի «Cultural Routes» ծրագրի շրջանակում։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը երկար տարիներ հետևողականորեն աշխատում է եվրոպական մշակութային գործընթացներին ինտեգրվելու, միջազգային հարթակներում երկրի դերակատարումն ու ճանաչելիությունը բարձրացնելու ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարարն առանձնահատուկ կարևորել է ֆորումի անցկացումը Հայաստանում՝ այն դիտարկելով որպես կարևոր հնարավորություն՝ ներկայացնելու ՀՀ մշակութային և պատմական հարուստ ժառանգությունը՝ խթանելով մշակութային կրթությունը և միջազգային համագործակցությունը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ միջոցառումը կնպաստի Հայաստան այցելող մասնագետների, հետազոտողների և քաղաքականության մշակողների միջև համագործակցության խորացմանը՝ կարևոր դեր ունենալով մշակութային դիվանագիտության և երկրի զբոսաշրջային ներուժի առաջմղման առումով։

Ռուի Գոմեշը շնորհակալություն է հայտնել ընդունելության և ձևավորված արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով Հայաստանի նշանակալի դերը տարածաշրջանում մշակութային փոխըմբռնման և երկխոսության խթանման գործում։ Նա վստահություն է հայտնել, որ ֆորումը Հայաստանում կանցկացվի ամենաբարձր մակարդակով։ 

Եվրոպայի խորհրդի մշակութային երթուղիների վերաբերյալ ընդլայնված մասնակի համաձայնագրի (EPA) կառավարող խորհրդի գործադիր քարտուղարը կարևորել է նաև ֆորումի օրակարգում մշակութային կրթության բաղադրիչի ընդգծումը՝ շեշտելով, որ մշակութային ժառանգության վերաբերյալ կրթությունն առանցքային նշանակություն ունի։ 

Հայաստանը 2015 թվականից հանդիսանում է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ընդլայնված համաձայնագրի լիիրավ անդամ։ Հայաստանն անդամակցում է «Գինու ուղիներ», «Իմպրեսիոնիզմ», «Նախապատմական ժայռապատկերների արահետներ», «Եվրոպական գերեզմանատներ», «Եվրոպական հեքիաթի ուղի» և «Հրեական ժառանգության եվրոպական ուղի» մշակութային ուղիներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ հետագա համագործակցության և նոր մշակութային ուղիներին անդամակցության հնարավորությունները։ 

Հայերեն Русский

«Նոր գիրք»-35/26. Թոփուրիա, Լոուրի, Զարգարյան

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

ՀՀ Անկախության տոնը Գյումրում մեկնարկել է Շիրակի մարզի համայնքները ներկայացնող տաղավարների ցուցադրությամբ

Ձեր ուժեղ և հեղինակավոր առաջնորդության ներքո Հայաստանում իրականացվում են աննախադեպ բարեփոխումներ. Տոկաևի շնորհավորանքը Փաշինյանին

Լիտվան շնորհավորել է Հայաստանին Անկախության օրվա առթիվ

Սերգեյ Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ Անկախության տոնի առթիվ

Սուրեն Պապիկյանը շնորհավորել է ՀՀ Անկախության տոնը

Եթե 35 տարի առաջ անկախությունը մեր ժողովրդի պատմական վճիռն էր, ապա այսօր մեր խնդիրն այդ վճիռը ամեն օր բովանդակությամբ լցնելն է. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Անկախության օրվա առիթով

Կապան-Գորիս ավտոճանապարհի ոլորաններին միկրոավտոբուս է կողաշրջվել. վարորդն ու ուղևորները տեղափոխվել են ԲԿ